Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/254

Այս էջը սրբագրված է

քատներիս կամ ջուրը լցնել կամ սերմացու տալ, որ մյուս տարի էլ սովի ճիրաններում չտանջվենք» (ՀՀՀՔԿՓ ԿՊԱ, ֆ.9, ց.1, գ.194, թ.12)։

«Ասում են գործ չկա,— փնթփնթում էր Բալաբեկը։ — Գործն ինքն իրեն գալիս, թափվում է գլխիդ։ Ոնց մերժես, ղեկավար ընկեր ես... Դե՜, Բալաբեկ, միտքդ շարժիր, ճար արա»։

Ճար եղավ։ Վճռեց ստիպել լծկան ու գութան ունեցող համագյուղացիներին, որ վարեն աղքատների ու կարմիր բանակայինների ընտանիքների վարելահողերը:

— Եթե ուզում եք ճիշտն իմանալ— ասում էր նրանց,— ձեր պարտքն է նաև ճանապարհները նորոգել։ Ինչի՞ նման է, գարունը բացվեց, ձնհալի ջրերն են ճանապարհները ծածկում։ Անձրև ժամանակ սայլերն ու լծկանը թաղվում են տիղմի մեջ։ Գործ արեք, ընկերներ, գործ արեք։

1914-1920-ական թվականներին թուրք ու քուրդ ավազակները սարում սիստեմատիկաբար կողոպտում էին հայերի անասունները։ Տվագնապները դեռ պահպանվում էին մարդկանց սրտերում։ Շատերը չէին վստահում նախրապաններին։ Սեփական անասուններին անձամբ էին տանում արոտի։ Դա անհանգստացնում էր գյուղական խորհրդին ու կոմբջջին։ Ոմանք իրենց անասուններին գաղտնի արածացնում էին խոտհարքներում։ Ամեն օր այդ մասին ահազանգեր էին գալիս։ Ի վերջո Բալաբեկը ստիպված էր որոշում կայացնել, որ կոմունիստների մի ջոկատ մեկնի սար և «բոլոր անկախ անասունները խառնի նախրին»։

Հունիսի կեսերին գյուղում իրարանցում ընկավ։ Շատերի արտերը չէին ծլարձակել։ Պարզվեց, որ պատահական մարդկանցից ձեռք բերված սերմացուն ծլունակ չէ։ Ի՞նչ անել։ Բալաբեկը շփոթված էր։ Սովի մատնված գյուղացիները հույս ունեին, որ սեպտեմբերին ամբարները կլցնեն հացահատիկով։ Վերջապես, բոլոր երդիկներից թոնրի ծուխ կբարձրանա։ Սակայն, կրկին հայտնվեց սովի ուրվականը։ Մարդիկ լալիս էին, տագնապում։

— Գոնե խոտ բուսեր,— հառաչում էր Բալաբեկը։ — Կարելի էր ծախել հաց գնել։

Հունիսյան մի տաք առավոտ նա մեկնեց գավկոմ։ Մտավ քարտուղարի առանձնասենյակը, աթոռը քաշեց, նստեց.

— Ի՞նչ կա, Բալաբեկ,— հետաքրքրվեց քարտուղարը։

— Հեչ։

— Ինչպե՞ս հասկանալ։

— Ոչինչ չի բուսել։