Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/255

Այս էջը սրբագրված է

- Որտե՞ղ պիտի բուսներ, ի՞նչ պիտի բուսներ, ինչո՞ւ չի բուսել։

— Մեր հողերում պիտի բուսներ։ Հացահատիկ պիտի բուսներ։ Սերմացուն ծլունակ չէր, ոչինչ չի բուսել։ Քարտուղարը ուշադիր նայեց նրան.

- Որ ցանում էիք, ինչո՞ւ չճշտեցիք, թե ինչ եք ցանում։

— Ո՞վ է հարցնում, թե ինչ է ցանում։ Սովի մատնված գյուղացի, ով ինչ ճարել, այն էլ ցանել է։

— Ես ի՞նչ անեմ։ — Չգիտեմ։ Չեմ գնա, մինչև փոխհատուցման որոշում չտաս։ Քարտուղարը քմծիծաղ տվեց.

— Չէ, եղբայր, մենք չենք կարող օգնել։ Երաշտ չի եղել, կարկուտ չի տեղացել... Ձեր մեղքով արտերը չեն ծլել։ Դրան փոխհատուցում չկա։

— Գնամ, կառավարությունից խնդրեմ։

Քարտուղարը փորձեց նրան ետ պահել այդ մտքից, սակայն Բալաբեկն անդրդվելի մնաց։

— Լավ, մասնագիտական հանձնաժողով կազմեք, ակտավորեք, բերեք ինձ, մի բան կմտածենք։

Բալաբեկը համառ մարդ էր։ Ի վերջո կարողացավ կառավարությունից որոշ փոխհատուցում ստանալ։ Այս դժվարին գործում նրան օգնեցին Սիմոն Հովհաննիսյանը, Գ-արեգին Մանուկյանը, Բեգլար Գրիգորյանը և Բենիամին Հակոբյանը։

Ծանր էր գաղթականության վիճակը։ Շատերը տանիք չունեին, պատսպարվել էին սրա-նրա տանը և սպասում էին, թե ճակատագիրն ի՞նչ դուռ կբացի։ 1922-ի մարտի 5-ին Ելենովկայում կայացավ տաճկահայ գաղթականության կոնֆերանսը, որին մասնակցում էր նաև Դդմաշենի ներկայացուցիչը։ Կոնֆերանսում խիստ քննադատության ենթարկվեց դաշնակցությունը «ապիկար» ու «քայքայիչ» քաղաքականության համար։ Կարծես դաշնակցությունն էր մեղավոր, որ ցեղասպանության ենթարկվեց մի հնագույն ժողովուրդ։ Ոչ մի խոսք չասվեց թուրք բարբարոսների նվաճողական քաղաքականության մասին։ Կոնֆերանսի