Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/256

Այս էջը սրբագրված է

որոշեց դիմել ՀԿ(բ)Կ Կենտրոնական կոմիտեին և խնդրել մթերք։ Նման պայմաններում դժվար էր սովի մատնված տեղաբնակ ընտանիքներին օգնել։ Սովից փրկվելու միակ ելքը պարենտուրքն արագ կատարելն էր։ Հարկերը վճարելուց հետո մնացած հացն ու գյուղատնտեսական մյուս մթերքները մնալու էր նրանց տրամադրության տակ։ Հնարավորություն էր տրվում ավելցուկը շուկա հանել։

Գրասենյակը փոքր էր։ Չէին տեղավորվում նույնիսկ ժողովականները։ Չկար դպրոց։ Մինչդեռ վերևից անընդհատ հրահանգում էին, որ գյուղում միջոցներ ձեռք առնեն անգրագիտության վերացման ուղղությամբ։ Բալաբեկ Գրիգորյանը փնտրում էր հարմար վարձու սենյակ։ Ի վերջո ճարվեց մի սենյակ, որը պետք է դառնար և՜ ժողովարան, և՜ ընթերցարան, և դպրոց՝ անգրագիտության վերացման համար։ 1923թ. հունվարի 14-ին կոմբջիջը պարտավորեցրեց բոլոր կիսագրագետներին, որ մասնակցեն պարապմունքներին։ Որոշվեց հրաժարվողներին առաջին անգամ անել նկատողություն, երկրորդ անգամ բացակայելու դեպքում՝ բանտարկել երկու օրով (ֆ.9, գ.115, ց.1, թ.1)։ Գյուղում ընդամենը մի քանի մարդ էր լրագիր ստանում։ Բալաբեկ Գրիգորյանը հավաքում էր կիսագրագետներին ու անգրագետներին, նրանց համար կարդում էր կարևոր հոդվածներն ու բացատրում։ Նա նույնիսկ զրույցներ էր վարում աթեիստական թեմաներով։ Փետրվարի 11-ի առավոտյան գյուղում լուր տարածվեց, որ դասախոսություն է կարդացվելու «Աշխարհի ծագումը» թեմայով։ Շատերն հավաքվեցին գրասենյակում։ Ոմանք ծխում էին։ Հետզհետե օդը դառնում էր հեղձուցիչ։ Բոլորն անհամբեր սպասում էին դասախոսին։ Մի փոքր ուշացումով եկավ Բալաբեկ Գրիգորյանը։ Ներս մտավ, փչացրեց, բարկացավ ծխողների վրա ու նստեց։

— Բա դասախոսն ո՞ւր է— հետաքրքրվեց մի գյուղացի։

— Վա՜հ,— զարմանք հայտնեց Բալաբեկը։ — Ի՞նչ դասախոս, մարդ աստծո։ «Աշխարհի ծագումը» ես եմ բացատրելու։ Սովորեք, իմացեք, թե կյանքը ոնց է ծագել երկրի վրա, որ քահանաները ձեզ չմոլորեցնեն։

Գյուղական բառ ու բանով, անշտապ բացատրում էր ապկից մարդու փոխակերպվելու դարվինյան տեսությունը։ Բնագիտական թեմայով զրույցից հետո անցավ նոր թեմայի.

— Միշտ չէ, որ այսքան մարդ կարող ենք հավաքել գրասենյակում։ Քանի որ եկել եք, մի հարց էլ որոշենք։ ժամանակն է, որ փոխօգնության