Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/258

Այս էջը սրբագրված է

հաջորդ օրը նա վիճաբանության մեջ մտավ համագյուղացիներից մեկի հետ և հայհոյեց։ Հենց այդ հայհոյանքն էլ պատճառ դարձավ, որ նրան բանտարկեն մինչև երեկո։ Կեսօրին Բալաբեկը ընդմիջման գնաց։ Կինը սեղանին դրեց խաշած կարտոֆիլ, պանիր ու սոխ։ Առաջին պատառը չէր ճաշակել, հիշեց Գալուստ Մկրտչյանին։ «Դրան հարկավոր է դաստիարակել։ Վերջին հաշվով մեր Գալուստն է, ի՞նչ անենք, որ տաքարյուն մարդ է։ Գնամ հետը խոսեմ, մի քիչ ամոթանք տամ, վերջանա գնա»։ Այդ պահին կինը մոտեցավ։

— Բալաբեկ ջան, օղի բերե՞մ մի բաժակ խմես։

— Չէ, կես շիշ լցրու, բերանը խցանիր։ Մեկ էլ էս սեղանին եղածները փաթաթիր մի երկու լավաշի մեջ, հետս տանեմ։

— Քա, ո՞ւր ես տանում,— զարմանքով ու շփոթմունքով հարցրեց կինը։

— Տանում եմ մարագ։ Մեր Գալուստի հետ խոսելու բան ունեմ։ Կինը հրաշալի գիտեր, որ Բալաբեկի բերանից դուրս եկած խոսքը պետք է կատարվի։ Քիչ անց քարտուղարը մի մեծ փաթեթ թևատակին, օղու շիշը գրպանում, մարագի դուռը բացեց։ Գալուստը դժգոհ պառկած էր հատակին փռված խոտերի վրա։ Տեսնելով քարտուղարին, շտկվեց։ Բալաբեկը բարևեց, ապա անշտապ լրագիր փռեց հատակին, փաթեթի պարունակությունը դասավորեց, շիշը բացեց, բաժակները լցրեց ու նոր միայն խոսեց.

— Ես էլ առավոտից ոչինչ չեմ կերել։ Արի միասին ուտենք... Ու հին ընկերները երկար խոսում էին կյանքի չար ու բարուց։

— Մեծահոգի պիտի լինել,— կրկնում էր Բալաբեկը։ — Մեծ մարդիկ են մեծահոգի լինում... ՛

Բալաբեկը քնած էր։ Դուռն ուժգին թակեցին։ Արագ հագնվեց։

— Լավ, լավ, դուռը մի ջարդի... ո՞վ ես, ի՞նչ կա...

Դժգոհ, փնթփնթալով Բալաբեկը բաց արեց դուռը։ Համագյուղացի կոմունիստ Ավետիս Հակոբյանն էր։

— Քնել ես, չես ասում մի քանի ջահել հավաքվել են, ինչ փորձանք են բերելու մեր գլխին,— դռան բացվելուն պես, վրա տվեց Ավետիսը։

— Վահ, ի՞նչ է պատահել, մարդ աստծո...

— Գաղտնի ժողով են անում։ Մեզանից շուտ միլիցիան է իմացել։ Երկու հոգի եկել են... Դե, վեր կաց, գնանք։

Բալաբեկը արագ հագնվեց, ատրճանակը պատյանով կախ տվեց գոտուց, դուրս եկավ։ Միլիցիոներները բակում կանգնած էին։ Բարևեց ու հարցրեց.