Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/259

Այս էջը սրբագրված է

— Ովքե՞ր են, տեղեկություններ չունե՞ք...

— Գնանք, տեղում կճշտեք, — արձագանքեց մեսիայի ներկայացուցիչը։

Փաստը ճշտվեց։ Մի քանի անգամ Բալաբեկին տեղեկացրել էին, որ գաղտնի ժողովներ են անցկացնում, կարևորություն չէր տվել։ Եվ ահա կանգնեց կոտրած տաշտակի առաջ։ Տունը շրջապատվեց։ Ներս մտան։ Միլիցիայի ներկայացուցիչը պատյանից հանեց ատրճանակը։

— Ոչ մեկը չփորձի փախչել կամ դիմադրել..․

Երիտասարդները գունատ ոտքի կանգնեցին։

— Ի՞նչ ենք արել, որ փախչենք... Մենք մեզ ու մեզ մի կտոր հաց ենք ուտում,— պատասխանեց Հովհաննես Մանուկյանը։ — Բայց դուք ո՞վ եք, ի՞նչ եք ուզում...

— Գնանք, այնտեղ կճշտենք,— խորհրդավոր տոնով ասաց միլիցիայի ներկայացուցիչը։

Խումբը մեծ էր՝ տասնմեկ մարդ, բոլորը երիտասարդ։ Նրանք դժգոհ էին խորհրդային իշխանության ներքին քաղաքականությունից։ Երբ բոլորը փողոց դուրս եկան, Բալաբեկը փորձ արեց տղաներին ազատել։ Հրահանգչին մի կողմ կանչեց։

— Ախր, այստեղ երիտասարդներ կան, որ խաբվել են, դրանց պատիժը տեղում որոշենք։ Մեկ էլ, որ մեծ խումբը շրջկենտրոն տանելը դժվար գործ է։ Բաց թողեք, թող տներում գիշերեն, արձանագրությունը դու տար...

Միսիայի ներկայացուցիչը մի փոքր մտածելուց հետո գտավ, որ քարտուղարը խելոք առաջարկության է անում։ Ավելի հեշտ է արձանագրությունը տանել։ Մարդկանց մասին թող պետերը հոգան։

Բալաբեկի մեծ ջանքերից հետո, յոթ-ութ երիտասարդի ազատ արձակեցին, որպես խաբվածի։ Չորս մարդու՝ Հովհաննես Մանուկյանին, Արշակ Խսչատրյանին, Սմբատ Սողոմոնյանին և Արմենակ Միրզոյանին ուղարկեցին շրջգավհրահանգչի կարգադրության տակ։

Գյուղում երեք տասնյակից ավելի մարդիկ հաճախում էին ռազմական պարապմունքների։ Կազմել էին մեկ դասակ։ Հրամանատար էր նշանակված Վարդան Վարդանյանը։ Երբեմն դասակն անցնում էր գյուղամիջով, մարտական քայլվածքով։ Այդ պահերին Վարդանը հպարտություն էր զգում։ Երբ նկատում էր, որ հարս ու աղջիկ նայում են իրենց, սկսում էր հրահանգել.

— Մեկ-երկու-երնք, մեկ-երկու-երեք..․ ապրեք, տղաներ։

Նրանք քայլում էին խրոխտ։ Մարտական կեցվածքով։ Մի օր Բալաբեկը Վարդանից դիմում ստացավ։ Կարդաց.