Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/260

Այս էջը սրբագրված է

«Քանի որ շրջապատված եմ մեծաթիվ ընտանիքով, խնդրում եմ ազատել իմ պաշտոնից, որպեսզի կարողանամ գնալ Բաքու կամ ուրիշ տեղ աշխատելու» (ֆ.9, գ.41, ց.1, թ.1Օ)։

Բալաբեկը գնաց գյուղական խորհրդի նախագահի հետ խորհրդակցելու։

— Ի՞նչ անենք, թույլ տանք, թե՞ չտանք...

— Եթե թույլ տանք, ո՞վ պարապի...

— Պարապող կգտնվի։ Հրեն՝ Բագրատ Հակոբյանը, զինվորական գործը լավ գիտե։

— Էհ, որ փոխարինող կա, թայլ տանք... տղան մեղք է...

Երևանից մեկը ժամանել էր ստուգելու, թե խրճիթ-ընթերցարանը ինչպե՞ս է աշխատում։

— Մենք խրճիթ-ընթերցարան չունենք,— տեղեկացրեց Բալաբեկ Գրիգորյանը:

— Չունենք,— գլխիկոր ավելացրեց գյուղական խորհրդի նախագահ Ն․ Կարապետյանը։

Հյուրը զարմանք հայտնեց։

— Ընկերներ, եթե ասեիք, թե խանութ չունեք, գրասենյակ չունեք, ես այնչափ չէի զարմանա։ Մեր օրերում չունենալ խրճիթ-ընթերցարան, նշանակում է ցուցադրական ագիտացիա չկա՜... Որտե՞ղ եք փակցնում պլակատները... որտե՞ղ են գյուղացիները զանգվածային ընթերցանությամբ զբաղվելու... և վերջապես, որտե՞ղ է ձեր անգրագիտության վերացման դպրոցը...

— Կա, ընկեր ջան, ինչ-որ թվեցիք, այդ ամենը կա, միայն խրճիթ-ընթերցարան չկա։

— Ես ի՞նչ տեղեկություն տանեմ Երևան։

— Տեղեկություն մի տանի, որոշում կտանք, որոշումը տար․․․

— Ի՞նչ որոշում։

— Այն, որ շուտով խրճիթ-ընթերցարանը կբացվի... Դե վեր կացեք, տուն գնանք, խոսակցությունը տանը կավարտենք...

— Չէ,— առարկեց Երևանից եկած ընկերը,— ի՞նչ տուն, ի՞նչ հաց ու ջուր... Մենք ուրիշ կոփվածքի մարդիկ ենք։ Նախ գործ...

— Էլ ի՞նչ գործ կա,— տհաճությամբ հարցրեց Բալաբեկ Գրիգորյանը։

— Կա, բարեկամ։ — Եկվորը գրպանից ցուցակ հանեց, ուշադիր նայեց ու մատը սահեցրեց Դդմաշեն անվան վրայով։ — Ահա, ձեր գյուղում նույնիսկ կոմունիստները թերթ չեն ստանում։

— Միջոց չունեն,— ցածրաձայն ասաց Հովհաննիսյանը։