Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/261

Այս էջը սրբագրված է

— Ունեն։ Հաց ուտո՞ւմ են։ Ուրեմն միջոց կա։ Թերթն էլ գաղափարական սնունդ է տալիս։ Կազմում եք եռյակ, շրջում եք տներն ու բնատուրք եք հավաքում թերթերի բաժանորդագրության համար։ ժամկետը՝ տասը օր։ —Երևանցին ոտքի ելավ,— դե, ես գնացի։ Բալաբեկը թեթևացած շունչ քաշեց, սակայն ձևականորեն առաջարկեց իր հյուրը լինել։ Եկվորը կտրականապես մերժեց։

— Պետք չէ։ Կսնվեմ մյուս գյուղում։ Կարևորը գործն է։ Կրկնում եմ՝ ձեզ տաս օր ժամկետ։

Բալաբեկ Գրիգորյանը հարցը լսեց կոմբջջի հոկտեմբերի 13-ի նիստում։ Եռյակ հանձնաժողովը կազմվեց։ Երբ հանձնաժողովը պատրաստվում էր շրջել տները, Բալաբեկը հրահանգեց.

— Մարդկանց շատ զոռ չանեք։ Մի լրագիրը մի թաղին բավական է։ Թող մեկը կարդա, փոխանցի մյուսին։ Մենակ զգուշացնել է պետք, որ չթաքցնեն, ծխախոտի թուղթ չանեն...

Ավարտվում էր 1923 թվականի նոյեմբերը։ Օրերը ցրտել էին, սակայն ուսուցիչները չունեին ոչ հաց, ոչ վառելիք։ Դպրոցի համար ցանված մի փոքրիկ հողակտորը հնձել էին ու գյուղխորհրդի աջակցությամբ՝ կալսել։ Սակայն բերքը դեռ չէին բաժանել։ Նոյեմբերի 28-ին Բալաբեկ Գրիգորյանը պահանջեց, որ ուսուցիչները նախապատրաստվեն և 29–ին դուրս գան տոնակատարության։ Ուսուցիչները լուր ուղարկեցին, որ եթե իրենց հացահատիկ չտան, կհրաժարվեն մասնակցել տոնակատարությանը։ Կոմբջիջը ստիպված էր որոշում կայացնել.

«Տոնի առթիվ, առավոտյան ժամը 1Օ–ին հայտարարել միտինգ և հրավիրել բոլոր գյուղացիներին... զանցառուներին խիստ պատիժ... Դպրոցը վերանորոգել դպրոցի ֆոնդից բաց թողած ցորենով։ Ուսուցիչներին փոխարինաբար բաց թողնել դպրոցի ֆոնդից ցորեն...»։ (ն.տ, թ. 19-20)։

Ելենովկայի տարածաշրջանի բնակչության համար այն տարիներին լուրջ իրադարձության էր անկուսակցականների համագումարը, որ կայացավ 1923 թվականի փետրվարի 21-ին։ Համագումարում լսվեցին նոր զորակոչի և հողային ռեֆորմի հարցերը։ Համագումարը պարտավորեցրեց գյուղական խորհուրդներին բարձր մակարդակով կազմակերպել զորակոչը։ Նաև որոշում կայացրեց հողային ռեֆորմի վերաբերյալ. «...Ելենովկային շրջ. անկուսակցական համագումարը ողջունում է խորհրդային իշխանության հողային օրենքները, որոնք վերջ են տալիս հողային անհավասարությանը, աղքատ ռանչպարին ազատում հարուստի շահագործումից...»։ (ն.տ., թ. 2)։ Դա վճռական քայլ էր, որ իշխանությունները կատարեցին գյուղում «դասակարգերի հայտնաբերման» և