Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/264

Այս էջը սրբագրված է

Մտավ Ստեփան Հակոբյանի տուն։ Վերջինս հարմար սենյակ ուներ։ Ի վերջո Բալաբեկը կարողացավ տանտիրոջը համոզել, ստացավ նրա համաձայնությունը ու նույն օրը նամակ ուղարկեց գավկոմ, խնդրեց «գրքեր ու նկարներ»։

Համագյուղացիներ Աղաբեկ Մարտիրոսյանը, Թաթոս Ավեսիսյանը, Ամիրխան Սարգսյանը, Պատվական Զաքարյանը, Վիրաբ Գալստյանը խմբով դիմեցին ընդունվելու կուս. շարքերը (ն․տ, թ. 7)։ Բալաբեկը ուշադիր կարդաց դիմումը, ապա ծալեց, դրեց գրպանը, գնաց գյուղական խորհուրդ։ Հովհաննիսյանը նրա դեմքի արտահայտությունից կռահեց, որ լուրջ գործով է եկել։ Աթոռ առաջարկեց։ Բալաբեկը նստեց, գրպանից հանեց դիմումը, մեկ-մեկ կարդաց ազգանունները։

— Սրանց բոլորին ճանաչո՞ւմ ես։

— ճանաչում եմ։

— Ի՞նչ կասես։

— Աշխատասեր, լավ տղաներ են։

— Գնանք հարևանների հետ խոսենք։ Հովհաննիսյանը շփոթվեց։

— Ամոթ է, միթե՞ հարևանների կարծիքով ենք մարդուն կուսակցության մեջ ընդունելու։

— Ես այդ մասին մտածել եմ։ Անուններով չենք խոսի։ Կճշտենք փոխհարաբերությունները։

— Պետք չէ— առարկեց նախագահը։

— Լավ։ Այդ դեպքում տղաներին մեկ-մեկ կանչիր, խրատիր, որ կոմունիստին վայել պահվածք ունենան։ Մեկ-երկու ամիս հետո իրենց մասին կմտածենք...

Բալաբեկի կարծիքով կոմունիստն էլ ուսուցչի նման օրինակելի անձնավորություն է։ Նա վեր է ամեն կասկածից։ Համագյուղացիների վկայությամբ նա այդպես էլ ապրում էր իր կյանքը։ Հետագայում, բոլոր նրանք, ովքեր կուսակցության մեջ էին ընդունվել Բալաբեկի քարտուղարության ժամանակ, հպարտության զգացումով ասում էին. «Ես Բալաբեկ Գրիգորյանի կադրերից եմ»։

Խորհրդային իշխանության հաստատման չորրորդ տարին էր։ Ամեն բան արվում էր, որ սովը չկրկնվի։ Սակայն 1924-ի մարտ ամսին, երբ մինչև բերքը առջևում կար հինգ ամիս, ահազանգ եղավ, որ գյուղում կան սովյալներ։ «Անիծյալը մեզանից ձեռք չի քաշում», — հառաչեց Բալաբեկը։ Դեռ չէր մտածել ի՞նչ միջոցներ են ձեռնարկելու, գյուղական խորհրդի նախագահ Հովհաննիսյանը եկավ։

— Եկա, որ միասին գնանք մի քանի տուն։