Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/265

Այս էջը սրբագրված է

— Գնանք,— համաձայնվեց Բալաբեկը։

— Հիմա պետությունը մեզ հաց չի տա, — երբ արդեն փողոցում էին, ճռճռան ձյունը տրորելով, ասաց Սիմոնը,— մենք մեզանով ենք յոլա գնալու։ Հինգ-տաս փութ հացով սովյալներին չես բավարարի։ Ի՞նչ անենք։ Ոնց մտածում եմ, ելք չեմ գտնում։

Քայլելով իջան դեպի Հրազդան գետը։ Գյուղի տները ցրված էին այս ու այնտեղ։ Մի ծայրը ձգվում էր դեպի Երևան-Սևան մայրուղին, մյուս մասը իջնում էր դեպի գետը։ Գետամիջում կային մեծ-մեծ քարեր, որոնց վրայով ցատկռտելով անց ու դարձ էին անում կարճ ճանապաըհի սիրահարները, իսկ կանայք ու տարեց մարդիկ ստիպված էին որոշ պտույտ անել, գետն անցնել մի խարխուլ փայտյա նեղլիկ կամրջի վրայով։ Գյուղացիներն օգտվում էին ջրհորի ջրից։ Շատ քիչ բացառությամբ, տների կողքին փորված էր ջրհոր։ Երբ տարին երաշտ էր, մարդիկ ջրհորի ջրով էին ոռոգում կարտոֆիլի ցանքերն ու բանջարանոցները։ Զարմանալիորեն ջրերն իրար նման չէին։ Մեկը նստվածք է տալիս, մյուսը՝ ոչ։ Մեկը հայտնվում է 10-12 մետր խորությունից, մյուսը՝ 22-25։ Կեսօրն անցել էր։ Մի տանից ծուխ էր բարձրանում։ Երբ գյուղացին ուշ է թոնիր վառում, կամ հյուր է հայտնվել, կամ ալյուրը ուշացած են ճարել, հաց են թխում։ Սովորաբար թոնիրները վառում էին վաղ առավոտյան։

— Հենց այս տանից սկսենք,— առաջարկեց Բալաբեկը։ Այսօր էլ հիշում են, թե ում տանը եղան նրանք։ Միայն ասենք, որ երբ օրը վերջանում էր, նրանք շատ տներում էին եղել։ Մի տեղ սոված մանուկներ, մի տեղ հիվանդ ծերուկներ, մի երրորդ տեղում հազիվ ապաստան գտած գաղթական, բոլորը օրահացի կարոտ։ Երբ վերջին տանից դուրս եկան՝ Բալաբեկը հենվեց պատին, խոնավ աչքերը հառեց գետնին ու լուռ մտորում էր։

— Բալաբեկ, սթափվիր,— ասաց Հովհաննիսյանը։ — Քեզ ի՞նչ պատահեց:

Բալաբեկը խորը հառաչեց.

— Սիմոն, ի՞նչ անենք... Գնանք մի քիչ հաց հավաքենք, բաժանենք... Սկսենք մեր տանից...

Ուշ երեկո էր, սակայն նախագահն ու քարտուղարը շրջում էին տնետուն, հաց էին հավաքում, ուղարկում սոբյալներին։ Ունևորներին համոզում էին իրենց ունեցած հացահատիկից բաժին հանել նրանց։ Ապա սովյալներին օգնելու մասին հարցը լսեցին կոմբջջի նիստում և համայնքի ժողովում (ն.տ., թ.16)։

Բալաբեկն ու Սիմոնը հարգված մարդիկ էին, նրանց չէին մերժում։