Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/267

Այս էջը սրբագրված է

կոլեկտիվացման սկիզբ։ Բալաբեկ Գրիգորյանը երկար մտորումներից հետո, կոմբջջի ժողովում կուսակցական անդամներին առաջարկեց՝ միացնել տնտեսությունները և ստեղծել հողօգտագործման արտել։ Կոմբջիջը որոշեց. «...Լսելով ընկեր Բ.Գրիգորյանի զեկուցումը արտել կազմակերպելու մասին, որոշեց՝ խնդրել գավկոմին տալ որոշ ցուցումներ կոմբջջի և ԼԿԵՄ անդամներին, որպեսզի իրենց միջոցներով կազմակերպեն հողօգտագործման արտել և օրինակ հանդիսանան անկուսակցական մասսային» (ն.տ., թ.50)։

Նույն օրը այս որոշմանը հաջորդեց մի այլ, ոչ պակաս ուշագրավ որոշում.

«...Ի նկատի ունենալով, որ մեր կոմբջջի և ԼԿԵՄ անդամներին ծնվել է ութ երեխա, որոնց համար հարկավոր է կատարել կարմիր մկրտություն... Դիմել գավկոմին, խնդրել կարմիր մկրտության համար տալ ցուցում և ուղարկել պատգամական անկետաներ...» (ն.տ., թ.50)։

Բալաբեկ Գրիգորյանն առաջարկեց նաև ամեն օր գյուղովի դուրս գալ մարզանքի (թ.50)։ Իսկ դեկտեմբերի ՅՕ-ի նիստում, մեկ օր անց, վճռականորեն քննարկվեց հարբեցողության հարցը։ Որոշվեց. «...Այն ընկերը, որը կոմունիստ է, եթե նկատվի, որ հարբած է, առանց ուշադրություն դարձնելու նրա փաստային առարկություններին, հանել կուսակցությունից» (ն.տ., թ.51)։

Եկավ 1925թ. հունվար ամիսը։ Հողօգտագործման կոոպերատիվն ստեղծված էր։ Ուշագրավ վկայություն է արձանագրվում հունվարի 4-ի նիստում. «Ընկեր Բ.Գրիգորյանը զեկուցեց, որ կոոպերատիվը արդեն բացվել է։ Անդամագրվել են բավական թվով տնտեսություններ, բայց դեռ անդամակցական ժողով չի եղել... Լսելով ընկ. Բ.Գրիգորյանի զեկուցումը, նիստը որոշեց պարտավորեցնել միասնական կոոպերատիվի վարչությանը, հրավիրել անդամակցական ժողով, կոոպերատիվի գործունեության վերաբերյալ իրազեկ դարձնել անդամներին և ընտրել վերստուգիչ հանձնաժողով...» (ֆ.9, գ. 435, ց.1, թ.1)։

Կուսակցությունը մեծ կարևորություն էր տալիս ինտերնացիոնալ կապերին։ Մի գեղեցիկ օր Բաքվի բանվորները Դդմաշենի գյուղական աշխատավորությանը նվեր ուղարկեցին մի ոսկեծոպ դրոշակ, որը խորհրդանշում էր ժորղովուրդների ինտերնացիոնալ բարեկամությունը։ Հաջորդ անգամ ստացան բեմի վարագույր և հեղափոխական գործչի երկու մեծադիր նկար (ն.տ., թ.3)։ Նրանցից մեկը ներկայացնում էր Նարիման Նարիմանովին, մյուսը՝ Սերգո Օրջոնիկիձեին։ Գավկոմի ներկայացուցիչը ցուցում տվեց, որ նկարները կախ տան խրճիթ-ընթերցարանի պատից ու աշխատավորներին ծանոթացնեն նրանց կենսագրությանը։