Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/268

Այս էջը սրբագրված է

Սա ինտերնացիոնալիզմի կարմիր երեսն էր, որ իր շահերի օգտին հաղթանակորեն ցուցադրում էր կոմունիստական Ադրբեջանը։

Օր-օրի գյուղի չքավորների վիճակը ծանրանում էր։ Զգալի մասը մնացել էին անգործ։ Սովյալներին գյուղական խորհրդի և կոմբջջի ձեռք բերած միջոցներով կերակրելը դառնում էր անհնար։ Նորից դիմումներ, նորից աղերսանքներ։ Որտեղի՞ց այդքան սննդամթերք ճարել։ Բալաբեկը խորհրդի նստեց գյուղի ավագների հետ։ «Ի՞նչ անել»,— սա էր հարցերի հարցը։ Ավագները խորհուրդ տվին դիմել գավկոմին, խնդրել, որ կարիքավոր և անգործ գյուղացիներին ուղարկեն արդյունաբերական շրջաններ։

Մարտի 30-ին հրավիրեց կոմբջջի դռնփակ նիստ։ Օրակարգում «չքավորների ու անգործների հարցը»։ Բալաբեկ Գրիգորյանը ոտքի ելավ, խոր հառաչ արձակեց ու խոսեց.

— Ընկերներ, օր-օրի չքավորների ու անգործների թիվը ավելանում է։ Կարիքավոր են նաև կոմբջջի անդամներից, ԼԿԵՄ անդամներից շատերը։ Մի քանիսը դիմել են, որ թույլ տանք մեկնեն արդյունաբերական վայրեր։ Գավկոմից պահանջում են ամրապնդել գյուղը, բայց սովի դեմ ոչ մեկը չի կարող կանգնել։ Ի՞նչ անենք։ Վճիռը թողնում եմ ձեզ։ Եվ ահա յոթանասունմեկ տարի անց կարդում ենք արձանագրությունը. «...Նիստը լսելով ընկ. Բալաբեկ Գրիգորյանի զեկուցումը և նկատի ունենալով բջջի անդամների չքավորությունը, որոնք ոչ մի հնարավորություն չունեն ապրելու, նմանների ցուցակը ներկայացնել գավկոմ և խնդրել տեղավորելու գավառի որևէ հիմնարկում կամ թույլատրել, որ գնան արդյունաբերական վայրեր...» (ն.տ., թ.14)։