Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/270

Այս էջը սրբագրված է

Հաջորդ օրը, մայիսի 10-ին կոմբջջի նիստում Բալաբեկ Գրիգորյանը զեկուցեց, որ գավկոմը չի կարող միջոցներ տրամադրել։ Ամբողջ գավառում սով է։ Մնում է միջակ տնտեսություններից ետ պահանջել ՓՕԿ-ի կողմից տրված հացահատիկը, բաժանել սովյալներին (ն.տ, թ.20)։

Գյուղական խորհրդի նախագահ Ս․Հովհաննիսյանին փոխարինեց Բագրատ Հակոբյանը։ Նա սկզբից ևեթ հայտարարեց, որ ինքը դեմ է շերտավորման քաղաքականությանը։ Ով ուզում է լավ ապրել, թող գնա աշխատի։ Հաց վաստակելու միակ ճիշտ ճանապարհը աշխատանքն է։ Տանել չէր կարող, երբ տղամարդիկ խոսում էին չքավորությունից։

— Լսեք, ձեր շուրջը նայեք։ Գյուղի հարուստներին նախանձում եք, բայց չեք ուզում նմանվել։ Նրանք էլ ձեզ նման չունևորներ էին։ Մեկ-երկուսն են հորից ժառանգություն ստացել։ Մյուսներն իրենք են ստեղծել իրենց ապրուստը։ Գնացեք դուք էլ ստեղծեք։ Ո՞վ է ձեր ձեռքը բռնում, որ եկել լաց եք լինում։ Ես ձեզ որտեղից հաց տամ։

Բագրատը կուլակների կողմից հարգված մարդ էր։ Հաճախ էին նրան հրավիրում հյուրասիրության։ Դա աննկատ չէր մնում։ Մի ագնամ Բալաբեկ Գրիգորյանն զգուշացրեց.

— Բագրատ, գավկոմում քո մասին լավ չեն խոսում։ Վտանգավոր ժամանակներ են, զգույշ եղիր։

— Թքած,— պատասխանեց Բագրատը։ — Գավկոմը թող հասկանա, որ թալանով սոցիալիզմ չես կառուցի, աշխատանքով են կառուցելու։

Այնուամենայնիվ, գավկոմը վրեժխնդիր եղավ Բագրատին։ Սոցիալիզմի վերաբերյալ աջ ու ձախ իր տեսակետն արտահայտելու համար։ Խոսակցություն գնաց, որ նա ժխտում է դասակարգային պայքարը։ Հարկավոր է հեռացնել պաշտոնից և կուսակցությունից։ Հարցը լսվեց 1925-ի հուլիսի 11-ին։ Դաժան էր որոշումը. «...Քննադատելով Բագրատ Հակոբյանի բոլոր բաց կողմերը, նկատելով, որ իսկապես վտանգավոր տիպ է... և չի կարող կոմունիստ լինել... կուլակների և հակահեղափոխականների հետ կապված է, նացիոնալիստ է... Նիստը միաձայն որոշեց... Հեռացնել կուսակցությունից...» (ն.տ, թ.28)։

Երբ ժողովն ավարտված էր, փողոց դուրս եկավ, Հարություն Գալստյանը մոտեցավ Բագրատին:

— Ինչո՞ւ քեզ չպաշտպանեցիր։ Բագրատը երկար ու ուշադիր նայեց համագյուղացուն ու ցածրաձայն պատասխանեց.

— Երբ 11-րդ բանակը նորից մտնի Հայաստան, այն ժամանակ ես իմ խոսքը կասեմ...