Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/273

Այս էջը սրբագրված է

Համարձակ ու խելացի։ Հաճախ նա խանդոտ ամուսինների հետ զրույցի էր նստում ու համոզում, որ կանանց ազատ թողնեն։ Երբեմն հասնում էր հաջողության։

Ուշագրավ էին բժշկական թեմայով դասախոսությունները։ Կին-ժողովներում քննարկվում էին նաև նոր կենցաղավարությանն անցնելու հարցեր։

— Ինչի՞ նման է— խոսում էր Ամիրյանը։ — Մեր կանայք ամեն օր թոնիր են վառում, հաց են թխում, երբ կարելի է պատրաստի հաց գնել։ Պատկերացրեք, թե որքան ազատ ժամանակ է շահում կինը, որը կարող է օգտագործել և վերացնել անգրագիտությունը։ Ո՞վ կարող է հաշվարկել, որքա՞ն վառելիք է խնայվում, որը կօգտագործվի ձմռան ցուրտ ամիսներին տունը տաքացնելու համար։ Ինչո՞ւ թոնիր վառել ճաշ եփելու նպատակով, երբ կարելի է օգտագործել նավթավառը։ Շուտով ամեն բան, նույնիսկ պատրաստի գուլպաներ, մենք կարող ենք ձեռք բերել խանութներից։ Դա հնարավորություն կտա, որ կանայք ընդգրկվեն հասարակական աշխատանքներում։

Կին-ժողովը բարձրացնում էր նաև բարեգործական հարցեր։ 1925-ի մայիսի 10-ի ժողովում լսվեց «Անճար կանանց հարցը»։ Սամիրյանը հայտարարեց, որ գյուղում կան կանայք, որոնք ոչ ուտելիք ունեն, ոչ տնամերձ են մշակել, «տկլոր ու քաղցած թափառում են։ Մենք պետք է օգնենք նրանց»։ Որոշվեց «Ութ անճար կանանց» ցուցակը ներկայացնել գյուղական խորհրդին, որ նրանց սննդով ապահովելու միջոց ստեղծեն (ն.տ., թ.137)։

Գյուղի ակտիվ կանանցից էր Սաթենիկ Մնացականյանը։ ժողովի կողմից նրան հանձնարարվեց մի քանի կնոջ նախապատրաստել շրջկենտրոնում մայիսմեկյան ցույցին մասնակցելու համար։ Անցավ տնետուն։ Բոլորի համաձայնությունն ստացավ։ Տեղեկացրեց, որ մայիսմեկյան տոնակատարությանը մասնակցելու համար Դդմաշենից շրջկենտրոն կմեկնեն ութ կին։

Մայիսմեկյան պայծառ առավոտ էր։ Ինչպես պայմանավորվել էին, Սաթենիկը գրասենյակում սպասում էր կանանց։ Անցավ մեկ ժամ, երկու ժամ, ոչ մի կին չէր գալս։ Ստիպված գնաց տները։ Որ դուռն էլ բացվում էր, ամուսինները գլխիկոր, խռովկան հեռանամ էին, իսկ կանայք լացակումած բացատրում էին, որ չեն կարող մեկնել։ Մեկը պատճառաբանում էր, թե երեխան է հիվանդ, մյուսի՝ սկեսուրը, երրորդը՝ մեկ ուրիշ հոգս ունի։ Այնուամենայնիվ Սաթենիկը հասկանում է, որ ամուսիններն են արգելում։

— Ոչինչ, քույրիկ,— հանգստացնում էր կանանց։ — Ես հասկանում եմ,