Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/274

Այս էջը սրբագրված է

թե ձեր տանն ինչ է կատարվել։ Գուցե մենք կոմբջջում հարց՝ լսենք։

Բջիջը մեկ անգամ չէ, որ լսել էր այդ հարցը։ Ամուսինների խանդը հաղթահարելու համար շատ տարիներ էին հարկավոր։

Այնուամենայնիվ, տեղաշարժը մեծ էր։ Կանանցից շատերը ընդգրկված էին հասարակական աշխատանքներում և զբաղվում էին իրենց անգրագիտությունը վերացնելու խնդրով։ Ուշագրավ է, որ առաջիններից մեկը Դդմաշենի կին-ժողովը հարց բարձրացրեց հանրապետությունում թափառող անապաստան երեխաներին հավաքելու, նրանց դաստիարակությունը պետականորեն կազմակերպելու հարցը (ն.տ, թ.1Օ)։

Գյուղի ակտիվ կանանցից էր նաև Բաղղագյուլ Գրիգորյանը։ Նա մեծ ջանքեր ներդրեց կանաց անգրագիտությունը վերացնելու հարցում։ Համբերատար էր ու համառ։ Հմտորեն կարողանում էր ամուսիններին համոզել ու կանանց ներգրավել անգրագիտության վերացման խմբակում (ֆ.9,գ.538,ց.1)։

1925-ի սկզբներին կոմբջջի քարտուղար ընտրեցին Արմենակ Հայրապետյանին։ Վերջինս նույնքան խստապահանջ էր։ Սակայն կային կոմունիստներ, որոնք կուսակցության ոչ բոլոր տեսակետներն էին ընդունում։ Դրանցից մեկն էր Արիստակես Մաթևոսյանը։ Չէր կատարում կուսակցության որոշումները։ Հաճախ հայտարարում էր, որ մարդուն իրենով զբաղվելու ժամանակ չեն տալիս։ Դժգոհում էր ժողովներից։

— Ի՞նչ եք շաբաթը երկու անգամ հավաքվում, ժամերով խոսում։ Ինչո՞ւ եք մարդկանց գործից կտրում,— գանգատվում էր նա։

Արիտակեսին «վերադաստիարակելու» համար բջիջը որոշեց ուղարկել շրջանային կուսակցական դպրոց։ Պարտավորեցրին մեկնել։ Ստիպված մեկնեց։ Մեկ օր միայն դասի նստեց։ Դասերից անմիջապես հետո ոտքով վերադարձավ գյուղ։ Հաջորդ օրը Հայրապետյանը գնաց Արիստակեսի տուն, վերջնականապես ճշտելու, թե նա ինչո՞ւ չի կատարում բջջի որոշումը։ Արիստակեսը քթոցով դարման էր տանում կովին։ Տեսնելով Հայրապետյանին, գլուխը շրջեց, առանց նրան կարևորություն տալու, մտավ գոմ։ Դարմանը լցրեց կովի մսուրը, քթոցը ետ տարավ մարագ, լվացվեց, մտավ սենյակ։ Հայրապետյանը նստած էր սեղանի մոտ։

— Բարև...

— Բարև...

Արիստակեսը նստեց նրա դիմաց։ Կինը շտապ սեղանին դրեց հաց, թթու կաղամբ և օղու շիշը։

— Պանիր բեր,— հրամայական ասաց Արիստակեսն ու դիմեց