Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/276

Այս էջը սրբագրված է

— Խոսում եք դեմոկրատիայից, հետն էլ՝ «Զգուշացիր, Արիստակես, քո անձնական կարծիքը չունենաս...»։

— Ուրիշ ի՞նչ բացատրություն ունես։

— Վերջ տվեք ժողովամոլությանը։ Ասելիք կա, թե չկա, գզիրն զանգն առնում, ընկնում է գյուղամեջ. «Եկեք ժողով է»։ Եղբայր բան ու գործ չունե՞ք։ Մի անգամ հաշվե՞լ եք, թե որքան մարդու եք պարապության մատնում։ Ամոթ է։ Վերջ տվեք անիմաստ հավաքներին։

— Հոգուտ մեղք մի անի։ ժողովներում ենք պարզում ճիշտն ու սխալը, որոշում ենք մեր անելիքը։ — Հայրապետյանը ոտքի կանգնեց,— էլ չեմ ուզում քեզ լսել։ Գավկոմից պահանջում են քո հարցը լսել, հեռացնել կուսակցությունից։ Գոնե ժողովի ժամանակ ավել-պակաս չխոսես...

ժողովը տեղի ունեցավ 1926 թվականի հունվարի 21-ին։ Արձանագրության մեջ կարդում ենք. «...Ընկ. Արիստակես Մաթևոսյանի հարցը, չի ենթարկվում կուսակցական դիսցիպլինային, չի հաճախում կուսակցական և հասարակական ժողովներին, չի կատարում բջջի որոշումները։ Բջջի որոշմամբ գնացել էր շրջ. կուս. դպրոց․ այնուհետև առանց շրջ. հրահանգչի թույլտվության թողել-փախել է։ Ընդհանրապես չի մասնակցում կուսակցական աշխատանքներին...»։ Ապա հետևում է բջջի որոշումը. «Ի նկատի ունենալ այն հանգամանքները, որ ընկեր Արիստակես Մաթևոսյանը չի հաճախում կուսակցական և հասարակական ժողովներին, չի հաճախում լիկկայան և մինչև օրս չի վերացրել յուր անգրագիտությունը... չի հաճախել շրջ. քաղ. դպրոց, այլ մի օր գնացել, թողել փախել է... այնինչ տնտեսապես լավ դրության մեջ է։ Ընտանիքում իրենից բացի կա չորս աշխատավոր... Ընդհանրապես կտրված է կուս. աշխատանքներից և չի եթարկվում... հեռացնել կուսակցության անդամության թեկնածությունից» (ֆ-9,գ.538,ց.1,թ.4)։

Գավկոմը չհաստատեց Արիստակես Մաթևոսյանի հեռացումը։ Նույն ժողովում լսվեց նաև Երվանդ Մաթևոսյանի հարցը։ Նա նույնպես փախել էր շրջ. քաղ. դպրոցից։ Սակայն, ի նկատի ունենալով Երվանդ Մաթևոսյանի հեղափոխական անցյալը և այն հանգամանքը, որ ընկերոջ կողմից առաջին անգամ է նկատվում դիսցիպլինայի խախտում, անել նախազգուշացում...» (ն.տ.,թ.4)։

Երվանդը մեկ ուրիշ մեծ հոգս ուներ։ Դժվար էր ապրում, ավելի ճիշտ 1924-25-ին ՓՕԿ-ից պարտք էր վերցրել քառասուն փութ հացահատիկ։ Մի մասն օգտագործեց Քրպես սերմացու, մյուս մասով գերդաստանը պահեց։ Արիստակեսը դիտողություն արեց.