Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/278

Այս էջը սրբագրված է

Առաքելը ձեռքը դրեց նրա ուսին.

— Երվանդ, բոլորս էլ քեզ հարգում ենք, լավ էլ հասկանում ենք ի՞նչ ես անում, բայց արի, տես կուսակցությունը նպատակահարմա՞ր է գտնում, որ մարդիկ ժամանակ հատկացնեն իրենց քաղդաստիարակությանը...

— Գերադասում եք սոված մնալ, բայց անգրագետ չմնալ։ Երվանդը հեռացավ հառաչելով. «Տեր աստված, էս անտեր պարտքը ո՞նց փակեմ։ Հեռվից երևաց ՓՕԿ-ի նախագահ Բենիամին Թաթոսյանը։ Երվանդը ճանապարհը փոխեց...

Բջջի անդամներից շատերը ձանձրացել էին անվերջ ժողովներից։

— Բավական է ժամավաճառությամբ զբաղվեք,— մի անգամ ասաց Ավագ Ստեփանյսնը։ — Կորցրել եք չափի զգացումը։ Չեք մտածում, որ գյուղացի մարդ ենք, մեր տներում հազար ու մի գործ ունենք։

Այս խոսքերն ասվեցին բջջի անդամների ներկայությամբ, ժողովից հետո, երբ քարտուղարն հայտարարեց հաջորդ ժողովի օրը։

— Ավագ, սա կուսակցական խնդիր է, — պատասխանեց քարտուղարը,— ես ու դու չենք որոշում, թե բջիջն ինչով զբաղվի, քանի պարապմունք անցկացնի։

Արուսյակ Նահապետյանը, որ հանդիսանում էր գյուղի ակտիվ կանանցից մեկը, հարցրեց.

— Դուք հաշվի առնո՞ւմ եք, որ ես կին եմ։ Տան մեծին ու փոքրին ես եմ կերակրում։

Արուսյակին ձայնակցեց Նազանի Գալստյսնը։ Քարտուղարը ասելիք չուներ։

— Լավ, լավ, հաշվի կառնենք,— ասաց նա։

Սակայն գավկոմի հրահանգիչը հաշվի չառավ, թե բջջի անդամներից որն ինչ պարտականություն է կատարում տանը։ Արձանագրեց, որ Ավագ Ստեփանյանը, Արուսյակ Նահապետյանը, Նազանի Գալստյանը կուսակցության շարքերն ընդունված օրից բոլորովին չեն հաճախել ժողովներին և չեն օժանդակում բջջի աշխատանքներին։

Հրահանգիչը չափազանցրել էր։ Սակայն երկրորդ ստուգում չկազմակերպեց։ Գավկոմը պահանջեց անհապաղ լսել նրանց հարցը և հեռսցնել, որ մյուսներին խրատ լինի։

ժողովը կայացավ 1926 թվականի ապրիլի 25-ին։ Նախագահող Երվանդ Կարապետյանը պահանջեց դադարեցնել հարցի քննարկումը, ապահովել ընկերների ներկայությունը։ Պահանջը կատարվեց։ Սակայն երեքն էլ հրաժարվեցին մասնակցել քննարկմանը։ «Որոշեցեք ինչ ուզում եք»՝ եղավ երեքի պատասխանը։