Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/281

Այս էջը սրբագրված է

Իր նախիրը նա առանձին է տանում արածացնելու։ Պահում է երկու բատրակ։ Գյուղում գոյություն ունի կաթնատնտեսական արտել, որը չնայած նոր է, բայց աշխատանքները լավ հիմքերի վրա են դրվել։ Վարդանյանը այդ արտելի անդամ չէ։ Իրեն հեռու է պահում գյուղի աշխատանքներից։ Ձգտում է դառնալ գյուղի ամենաուժեղ կուլակը և մյուս կողմից խաբել գյուղացիներին։ Կարելի՞ է արդյոք, նման տնտեսությունը համարել օրինակելի։ Չի կարելի։ Խորհրդային երկրում օրինակելի է համարվում այն տնտեսությունը, որն աշխատում է ազնվացնել իր անասունները։ Գյուղացիների ցուցմունքով մշակել հողը, հրաժարվում է պրիմիտիվ մշակման սիստեմից, մասնակցում է կոլեկտիվի և գյուղի հասարակական աշխատանքննրին, ստացած արտադրանքը յուղ, պանիր, ցորեն, բուրդ և այլն, ծախում է արտելի միջոցով։ Նման վարդանյաններ գոյություն ունեն համարյա բոլոր գյուղերում և նրանք իրենց տնտեսական պայքարի ժամանակ աշխատել են համոզել գյուղացիներին, իբր նրանք աշխատում են հօգուտ գյուղացիների։ Իրականում հակառակն են անում։

Համամիութենական կոմկուսակցության 14-րդ համագումարն ընդունել է մի որոշում, որտեղ ասված է. «...Նման պայքարն ունի քաղաքական արտահայտություն, կուլակները ձգտում են տիրել գյուղի միջակին և այդպիսով գյուղխորհուրդը ենթարկել իրենց ազդեցությանը»։ Դդմաշենի բջիջը համարվում է օրինակելի բջիջ։ Նա պետք է նման խնդիրների վրա լուրջ ուշադրություն դարձնի։

Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Խորհրդային Հայաստան» թիվ 157 7 հուլիսի 1926թ.

Կուսակցական ժողովներից ու քաղպարապմունքներից խուսափողների թիվը օր-օրի ավելանում էր։ Արտո Մաթևոսյանը մի ամբողջ տարի կուսժողովի չմասնակցեց։ Սիստեմատիկաբար բացակայում էին Աղո Մարտիրոսյանը, Գալուստ Մկրտչյանը, Թեմուր Նիկողոսյանը, Բալո Ղամբարյանը։ Նրանք պահանջում էին քաղպարապմունքներն անցկացնել ամիսը մեկ անգամ։ Կուսբջիջը զբաղվեց նրանց հարցերով։ Հրահանգիչը նրանց մասին զեկուցեց գավկոմին։ Ստացվեց կտրուկ հրահանգ. «Հարցը լսել, պատմել»։ 1926թ. նոյեմբերի 24-ին հարցը լսվեց կոմբջջի նիստում։ Հիշյալ ընկերներից ոչ մեկը չմասնակցեց։ Նիստը որոշեց. «...Աղո Մատիրոսյանին և Գալուստ Մկրտչյանին անել զգուշացում, Թեմուր Նիկողոսյանին, Բալո Ղամբարյանին անել նկատողություն, Արտո Մաթևոսյանին, որ մի տարի ժողովի չի մասնակցել և հայտարարում է, թե ես չեմ ուզում մասնակցել, խնդրել գավառային կոմիտեին, որ հեռացնի կուսակցությունից»։