Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/282

Այս էջը սրբագրված է

1927-ի փետրվարին հարց առաջ քաշվեց, որ մի խումբ կուսակցականներ մեկնեն քաղ. դասընթացներում սովորելու։ Որոշեցին ուղարկել Սիմոն Հովհաննիսյանին, Արմենակ Հայրապետյանին, Երվանդ Մաթևեոսյանին, Աղո Մարտիրոսյանին, Թաթոս Ավետիսյանին, Բենիամին Թադևոսյանին, Երեմ Ասատրյանին։ Միաժամանակ բջիջը միաձայն որոշեց. «...Եթե պատահի ընկերներից խույս տվողներ լինեն, հաջորդ նիստում դասընթացների չգնացողների հարցը լսել, արձանագրությունն ուղարկել գավկոմ... Նման կուսակցականներ մեր կուսակցությանը պետք չեն...» (ֆ.9, գ.539, լ.1, թ.27)։

1927-ի մարտին կուս. հրահանգիչ Ավետիս Կարապետյանը բջջին տեղեկացրեց, որ կենտրոնից հանձնարարված է բջիջներում կատարել ստուգումներ և ճշտել, թե քանի՞ կոմունիստ է. ընկել ձայնազուրկների ցուցակը։

Դդմաշենի կոմբջջում հայտնաբերվեց մեկ այդպիսի կոմունիստ։ Դա Խաչատուր Հակոբյանն էր։ Կոմբջջից մի եռյակ, գյուղական խորհրդի ներկայացուցիչների հետ եղան նրա տանը։ Հայտնաբերեցին չորս եզ, չորս կով, երկու արջառ, մեկ ձի, տասնհինգ ոչխար։ Դրանից բացի ինչ-որ մեկը տեղեկություն էր հայտնել, թե ունի նաև ջրաղաց, սակայն պահում է հորեղբոր անունով։

Երբ եռյակը հեռացավ, Խաչատուրի եղբայրն ու կինը շտապեցին նրան խորհուրդներ տալ.

— Գնա Բալաբեկի մոտ, իմացիր բանն ինչումն է։ Քեզ մի բարի խորհուրդ կտա։

— Սպասեմ, թող մութն ընկնի, տուն գնամ։

— Էլ ո՞ւր սպասես, գնա գրասենյակ։

Խաչատուրը Բալաբեկին հանդիպեց փողոցում։ Բարևեց։ Տուն հրավիրեց։

— Գնանք մեր տուն, — առաջարկեց Բալաբեկը։

— Իմանամ ի՞նչ է պատահել...

Բալաբեկն ապրում էր գյուղի կենտրոնում, պապենական հին տան մեջ։ Մտան թոնրատուն։ Նահապետական ժամանակներից մնացած մեծ թախտի առջև դրված էր սեղանը։ Նստեցին, Բալաբեկը՝ թախտին, Խաչատուրը՝ աթոռին։