Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/284

Այս էջը սրբագրված է

1926-ի հունվարի 6-ին անկանխատևսելի իրադարձություն տեղի ունեցավ Բասարգեչարում. կոմերիտականների մի խումբ կոմերիտմիության ծննդի տոնի առթիվ կազմակերպել էին շքերթ։ Չի բացառվում, որ դա կատարվեց ի հակադրություն քրիստոնեական խաչը ջուրը գցելու արարողությանը։ Կոմերիտականները դհոլ-զուռնայով անցնում էին եկեղեցու մոտով։ Մեկը հայհոյեց խաչին։ Հավատացյալները դուրս թափվեցին եկեղեցուց։ Սկսվեց տուրուդմփոց։ Պատառոտեցին դրոշը, ծեծեցին խաչին հայհոյող կոմերիտականին։ Դեպքը մեծ արձագանք գտավ գավառում։ Հետո քննություն սկսվեց (ֆ.9,գ.652,ց.1,թ.46-60)։

Արձագանքները հասան գավառի մյուս գյուղերը։ Մի քանի օր շարունակ հավատացյալները հսկողության տակ էին պահում եկեղեցին, զգուշանալով կոմերիտականների հարձակումներից։ Բարեբախտաբար այլևս ընդհարումներ տեղի չունեցան։

Անցավ 1933-ի ծանր տարին։ Երաշտը, բնատուրքը, կարկտահարությունը խոր վերք բացեցին գյուղացիների սրտերում։ Բոլորն էլ կռահում էին, որ 1934-ը ավելի բերքառատ չի լինի։ Սերմացուի պակասի պատճառով շատ տնամերձեր կմնան անմշակ։ Շատերը մտածում էին արտագնա աշխատանքի մեկնելու մասին։ Սպասում էին գարնան գալուն։ Ոմանք մեկնել էին դեռ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Գյուղի տնտեսական առօրյային վիթխարի հարված հասցրին տորգսինները։ Մասնավոր առևտուրն արգելված էր, իսկ պետական խանութից առաջին անհրաժեշտության մթերքներ, այդ թվում՝ ալյուր, շաքար, օճառ, նավթ, աղ կարելի էր ձեռք բերել միայն ոսկով։ Շատ հարսների մատներին մատանի չմնաց, ականջներին՝ ականջօղ։ Ոսկե զարդերը տորգսինը վերցնում էր որպես ջարդոն, էժան գնով։

1934 թվականի հունվարի սկզբներին կոլտնտեսության վարչությունը որոշեց յուղ վաճառել, ձեռք բերել հացահատիկ։ Հունվարի 20-ին կոմ. բջիջի նիստում որոշեցին հացահատիկի բաշխման խնդիրը։ Ստացած հացը բաշխել յուղի համարժեքով (ինչ չափով յուղ էր բաշխվելու աշխօրի դիմաց)։ Ոմանք հարց բարձրացրին պանիրը նույնպես վաճառքի կարգով վերածել հացահատիկի, սակայն մեծամասնությունը դեմ եղավ այդ առաջարկին։ Որոշվեց պանիրը բաշխել աշխօրի դիմաց։

Ծանր էր դպրոցի վիճակը։ Բառացիորեն դասասենյակները վերանորոգման կարիք ունեին։ Պատուհանների ապակիները ջարդված էին։ Ապակու փոխարեն ստվարաթուղթ էին ամրացրել։ Վառելիքի պակասի պատճառով դասասենյակները չէին տաքացվում։