Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/286

Այս էջը սրբագրված է

— Թե որ ծախում էիր, կենդանի ծախեիր։

— Մորթած ավելի ձեռնտու էր։

— Գումարն ի՞նչ արեցիր։

— Հաց առա...

— Վատ արիր։ Մենք քեզ հորթը տվել էինք, որ կով ունենաս։

— Գնում եմ արտագնա աշխատանքի։ Կգամ, կով կգնեմ։ Հիմա ինձ հաց էր պետք։

— Գնանք,— դիմելով գյուղական խորհրդի նախագահին, ասաց Արմենակը ու քայլեց դեպի դուռը։

Փետրվարի 28-ի կոմբջջի նիստում. Արմենակի պահանջով լսվեց նաև նրանց հարցը, ովքեր մորթել են ստացած հորթերը կամ միակ կովը։

— Նման կոլտնտեսականներ մեզ հարկավոր չեն։ Դրանք տնտեսավար մարդիկ չեն— հայտարարեց նա։ Առաքել Սիմոնյանը փորձեց մեղմել.

— Հանգստացիր, Արմենակ, մարդկանց վիճակի մեջ մտիր.. Սարդիկ օրահաց չունեն...

— Ճիշտ է— հուզված պատասխանեց Արմենակը։

— Վիճակը վատ է։ Այդ հորթը նրանց երեխաներին շուտով կաթ էր տալու... Կովը կթում են, ուտում, սրանք կովը մորթում են, ուտում։

Այնուհանդերձ, Դավիթը կարևորություն չտվեց, թե ի՞նչ որոշում են կայացրել, մեկնեց արտագնա աշխատանքի։ Կով գնեց։ Այդ օրը նրանց տանն ուրախություն էր։ Գնաց Արմենակի մոտ, տուն հրավիրեց։

— Չեմ կարող գալ ասաց Արմենակը։ — Բայց քեզանից գոհ եմ, Դավիթ: Երանի բոլորը քեզ նման մտածեին։ Դիմում գրիր, մեր որոշումը վերանայենք։

1934-ին Արմենակը որոշեց կոլտնտեսությունը համալրել ունևոր և միջակ մարդկանցով։ Ովքեր ընդհանրապես չէին ցանկանում կոլտնտեսություն մտնել կամ հեռացել էին կոլտնտեսությունից։ Գնում էր տները կամ կանչում էր գրասենյակ, համոզում։

— Իրականությունից ո՞ւր կարող եք փախչել։ Սա է իրականությունը, սա է մեր ապագան։ Այսօր չկամենաք կոլտնտեսություն ընդունվել, վաղն եք ընդունվելու։ Եկեք ձեռք-ձեռքի տանք, միասին աշխատենք։

Այդ տարի կոլտնտեսություն ընդունվեց Ջումշուդ Մարտիրոսյանը, որը մեկ տարի առաջ էր հեռացել կոլտնտեսությունից։ Միջակ տնտեսության տեր էր։ Դիմում բերեց Հարություն Անտոնյանը։ Նա խոստացավ կոլտնտեսությանը տալ հինգ-վեց փութ սերմացու։ Դիմեց նաև նախկին հարուստ, 1934-ին միջակ տնտեսության տեր, ճանաչված Թորգոմ Մանուկյանը։ Արմենակը չզլացավ նրանից խնդրել, որ կոլտնտեսությանը նվիրի մի զույգ եզ։