Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/287

Այս էջը սրբագրված է

Արտավազդ Գրիգորյանը դիմումում նշել էր, որ չնայած տնտեսական սաղ պայմաններին, կելտնտեսությանը նվիրում է մի եզ։

Երեսունչորս թվականին տնտեսության առջև ծառացել էր երկու կարևոր խնդիր, առաջինը՝ գյուղն ապահովել հացով, երկրորդը՝ զարգացնել անասնապահությունը։

— Ընկերներ, ասելը հեշտ է,— կրկնում էր Արմենակը,— անասնապահության զարգացման խնդիրը կապված է գոմաշինության հետ։ Եկեք նախ այս ուղղությամբ մտածենք։

Այնուամենայնիվ անասնապահության զարգացման հարցը օրակարգից դուրս չէր գալիս։

1934-ի նոյեմբերյան մի առավոտ աշխատասենյակում հասակով մեկ կանգնեց Հայկ Գալստյանը։

— Հա՞յկ,— ակամա ոտքի կանգնելով երկարաձգեց Արմենակը, — դու վերադարձա՞ր։

— Վերադարձա.— պատասխանեց Հայկը, առանց հրավերի սպասելու նստեց։

— Չէի՞ր սպասում։

Արմենակը ձեռքը պարզեց բարևի։

— Սպասում էի։ Ես գիտեի, որ քո նկատմամբ որոշումն անարդարացի էր։

— Թող այն ժամանակ ասեիր, երբ իմ հարցն էին լսում։

— Ասել եմ...

Հայկ Գալստյանին մեղադրել էին որպես կուլակ, հակահեղափոխական, կոլտնտեսության համար վտանգավոր տարր։ Տունը բռնագրավեցին, հանձնեցին կոլխոզին։

— Եկել եմ, որ տունս վերադարձնեք ինձ։

— Հայկը մի տեղեկանք դրեց սեղանին։ Դատախազությունը նրան արդարացրել էր։ Արմենակը կարդաց նամակն ու գլխի դրական շարժումով հայտնեց իր համաձայնությունը։

— Ուրախ եմ։ Հենց այսօր բանալիները կստանաս...

1934-ին համալրվեցին կուսակցությանը համակրողների շարքերը։ Ընդունվեցին Բալաբեկ Ստեփանյանը, Խաչատուր Գրիգորյանը...

Ուշագրավ քաղվածք 1934թ. նոյեմբերի 7-ի կուսժողովի №14 արձանագրությունից.

«...Շատ կոմունիստեր, հարբած, օղու շշի ազդեցության տակ, ընկնում են դասակարգային թշնամու գիրկը, կորցնում են իրենց զգոնությունը։ Խիստ հսկողություն տանել, որ չհարբեն...» (ն.տ.,թ.20)։