Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/290

Այս էջը սրբագրված է

տարրերի հայտնաբերման և լիկվիդացման մասին։ Ստալինը նամակով դժգոհություն հայտնեց, որ պայքարն անկատար է։

Չշտապենք։ Նշենք, որ 1936-ի գարնանացանը հաջող անցավ, ցանեցին 460 հեկտար ցորեն, 95 հեկտար գարի, 90 հեկտար հաճար, 45 հեկտար կորնգան, 1 հեկտար կանեփ, 7 հեկտար կարտոֆիլ, 3,5 հեկտար կերի ճակնդեղ, 0,5 հեկտար բողկ, 1 հեկտար զանազան կանաչեղեն։

Կոլտնտեսության գործիքային պարկը բավական հզորացել էր։ Ուներ ավելի քան 30 գութան։ Միանգամից կարող էր դուրս բերել 690 եզ։ Ուներ 27 ձի և քուռակ (ֆ.822, գ.6, ց.1, թ.4)։

Սկսվել էր կուսփաստաթղթերի փոխանակումը։ Խստանում էր քաղպարապմունքներից բացակայողների հարցը։ Արամայիս Պետրոսյանը և Արարատ Զաքարյանը մի քանի անգամ բացակայեցին քաղպարապմունքներից։ Անմիջապես նրանց հարցը լսվեց կուսժողովում (ն.տ, թ.9)։

1936-ին լայն ծավալ է ստացել ստախանովյան շարժումը։ Կոլտնտեսություններում հայտարարվում էին ստախանովյան օրեր։ Դդմաշենը բացառություն չէր կարող լինել։ Կազմակերպվում էին ստախանովյան հնգօրյակներ։

1936-ին անասունների հիվանդություն սկսվեց։ Շրջանային անասնաբույժը քմահաճորեն չէր գալիս Դդմաշեն, պատճառաբանելով, թե գործը շատ է։ Դա պատճառ հանդիսացավ, որ անկումները ավելանան և՝ ակտավորվեն։

1936-ի ամռանը ընդունվեց Ստալինյան Սահմանադրությունը։ Կուսժողովներում, մամուլում անընդհատ «քննարկվում էր» սահմանադրությունը։ Այդ պատվին կազմակերպվում էին հերթափոխներ, ստախանովյան հարվածային շաբաթներ։ Ավելի ու ավելի հաճախ էին լսվում «հակահեղափոխության, տրոցկիզմի, նացիոնալիզմի, մեծապետական շովինիզմի» դեմ պայքարի կոչերը։ 1936-ի հուլիսի 16-ին, չնայած անհետաձգելի դաշտային աշխատանքներին, շրջկոմի հրահանգով կուս. կազմակերպությունը հավաքվեց նիստի։ Լսվեց Աղասի Խանջյանի ինքնասպանության մասին լուրը։ Կուսժողովը պետք է դատապարտեր Խանջյանին՝ Հայաստանի-կուսակցական կազմակերպության «անունը վարկաբեկելու համար»։ Կոչ էր արվում «համախմբվել Անդրերկկոմի քարտուղար ընկ. Թերիայի շուրջը»։

Քաղաքական ողբերգությունները, անհիմն բանտարկությունները, բռնությունները թևակոխեցին նոր փուլ։ Աշխատավորությանը կոչ էր արվում ուժեղացնել «դասակարգային զգոնությունը»։

Ինչպե՞ս դիմագրավեց գյուղը բռնություններին։ Հայտնվեցին զրպարտիչներ։ Մեկը մյուսի ետևից նամակներ ուղարկվեցին տարբեր