Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/291

Այս էջը սրբագրված է

հասցեներով, կոլտնտեսության վարչության նախագահ Սիմոն Հովհանիսյանի դեմ։ Նամակագիրը հարց էր բարձրացնում, թե «Սիմոն Հովհաննիսյանը անբարոյական է։ Կոլտնտեսությունից գողացել է 1300 ռ., հակահեղափոխական է»։ Եվ էլի մեղադրականներ, որոնցից ամեն մեկի համար կարելի էր մի ջոկատ մարդ բանտարկել։ Հարց էր ծագում, գյուղը կպաշտպանի՞ իր նախագահին։ Ի՞նչ արձագանք կտա կուս. կազմակերպությունը։

1936 թվականի դեկտեմբերի 17-ին հարցը լսվեց կուս. կազմակերպության նիստում։ Կարդացվեցին նամակները։ Բոլոր նամակների վրա կար մակագրություն, «քննարկել և համապատասխան եզրակացության հետ նամակը վերադարձնել...»։

Հարցի քննարկմանը կուսժողովին մասնակցելու համար շրջկոմից ժամանել էր հողաբաժնի վարիչը։

Նախագահում էր Ա. Սիմոնյանը։ Ձայնը տրվեց հողաբաժնի վարիչ Հ. Բոբիկյանին։ Սա բացատրեց, որ հարցը չափազանց լուրջ է։ Հնարավոր է լինել անաչառ։

Ձայն խնդրեց Ավետիս Հակոբյանը։

— Ընկեր Բոբիկյան, մատերիալում գրված է, որ Հովհաննիսյանը կապ է պահպանել հակահեղափոխական Բեգոյի հետ։ Կանչեք նամակագրին, թող ասի՝ որտեղ է հանդիպել, ո՞ր օրը։ Չի ասի, որովհետև այդպիսի բան չկա։ Ընկեր Սիմոն Հովհաննիսյանը հեղափոխական մաքուր անցյալ ունի։ Հակահեղափոխականները փորձում են մեր ձեռքով նրան պատժել և թուլացնել մեր հեղափոխական ճակատը... Սիմոն Հովհանիսյանը եղել է կարմիր պարտիզան և 1920-ին պայքարել է հակահեղափոխականների դեմ... մատերիալ գրողը այդ հակահեղափոխականներից մեկն է...

Հակոբյանը խոսքը նոր էր ավարտել, ոտքի ելավ Գալուստ Պետրոսյանը։ — Ես չեմ կրկնում Ավետիս Հակոբյանին։ Նրո խոսքերը հաստատում եմ։ Նամակում նշված է, թե Սիմոն Հովհաննիսյանն անբարոյական է։ Դա ևս զրպարտություն է։ Ամբողջ գյուղը Սիմոնի արևով է երդ վում... Սիմոնը մաքուր մարդ է,— դիմեց քարտուղար Շավարշ Գրիգորյոնին,— խնդրում եմ իմ խոսքերը մանրամասն գրի առնես։ Այդ մատերիալ տվողը ցանկացել է խփել տեղի ղեկավարներին, որպեսզի թուլացնի մեր պայքարը հակահեղափոխության դեմ...

Ձայն խնդրեցին Մուրադ Մաթևոսյանը, Ա.Բադալյանը, Խ.Հակոբյանը, Ա.Մկրտչյանը, Մ.Գրիգորյանը, Ա․Հովհաննիսյանը, Խ.Բարսեղյանը, Ս.Գալստյանը, Ա.Ավետիսյանը. Ս.Ավետիսյանը: Հովհաննիսյանին