Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/294

Այս էջը սրբագրված է

Գրիգորյանը։ ժողովն անցավ առանց փոթորկումների։

Հաջորդ հարվածն ուղղվեց կոլտնտեսության հաշվետար Թ.Հակոբյանի դեմ։ Մեղադրանքը ծանր էր. «...Բ․Հակոբյանը 1925թ. վտարվել է կուսակցությունից որպես ակտիվ դաշնակցական։ Մի քանի անգամ նկատվել է, որ նա հայհոյում է մեր ընկերներին։ Մշտական կապ է ունեցել հակահեղափոխական դաշնակցականների հետ և կապված է իր հորեղբոր տղայի՝ Ա․Հակոբյանի հետ... Սրանց եղբայրները և ծնողները եղել են ակտիվ դաշնակցական։ Հեռացնել հաշվետարի պաշտոնից...»։ (ն.տ, թ.11)։

Որոշեցին. «Բ․Հակոբյանին հեռացնել կոլխոզի հաշվետարի պաշտոնից, որպես ազգային տրամադրություն ունեցողի... Եղել է ակտիվ դաշնակցական։ Առաջարկել գյուղխորհրդի նախագահին ազատել նրան գյուղխորհրդի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի պարտականություններից»:

Սիմոն Հովհաննիսյանը քաջ հասկանում էր, որ իրադարձությունները օր-օրի սրվում են։ Որոշեց որևէ կերպ հեռանալ Դդմաշենից։ Պատճառ էր որոնում։ Այդ օրերին փորձություն պատահեց։ Հարևաններից մեկը վազեվազ եկավ գրասենյակ, ասաց, որ կինը «վատացել է»։ Հարկավոր է շտապ բժիշկ կանչել։ Սիմոնը շտապեց տուն։ Շուտով եկավ նաև բժիշկը, լսեց սրտի ու թոքերի աշխատանքը և հայտարարեց.

— Պետք է տանել ստացիոնար բուժման։

— Ուզում եք ասել՝ հարկավոր է տեղափոխել հիվանդանո՞ց։

— Ոչ թե ուզում եմ ասել, այլ արդեն ասացի։

Հաջորդ օրը Սիմոնը գրասենյակ մտավ դիմումը ձեռքին և խնդրեց, որ նույն օրը բջջի նիստ գումարեն։ Նա խնդրում էր ազատել կոլվարչության նախագահի պաշտոնից՝ կնոջը ստացիոնար բուժման տանելու պատճառով։ ժողովականները հարգանքով վերաբերվեցին։ Որոշումն ազնիվ է... «Սիմոն Հովհաննիսյանի դիմումը հարգել, գարնանացանից հետո տալ արձակուրդ և առաջարկել կոլխոզի նախագահին, նրա անունով բաց թողնել համապատասխան գումար՝ կնոջը բուժելու համար»։ (ն.տ, թ.16)։

Հունիսին գյուղը դաժան փորձության ենթարկվեց։ Ցանքսերի զգալի մասը կարկտահարվեց։ Թեև ակտավորվեց և ակտը ներկայացվեց փոխհատուցման, սակայն ի՞նչ փոխհատուցում կարող է փոխարինել բնական բերքին։

Կոլտնտեսության բեռնատարի վարորդ Ա․Մնացականյանը ժողովից տուն էր վերադառնում գլխիկոր։ Պատահեց Բագրատ Հակոբյանը։

— Հը, Ի՞նչ է պատահել։ Ոնց որ կարկտի տակ ընկած լինես...