Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/295

Այս էջը սրբագրված է

— Ճիշտ ես։ Կարկտի տակ ընկա։ Բագրատ, քո գլխին եկած կարկուտը իմ գլխին էլ թափվեց։ Քաղաքական մեղադրանք տվին։

— Պատճառն ի՞նչ է։

— Պատճառը՝ պարզ է։ Ինձ ասում են՝ ավտոն քշիր, ասում եմ՝ տակին դողեր չկան։ Նրանք իրենցն են պնդում, թող չլինի, դու քշիր։ Սրանք չեն հասկանում, որ ակումուլյատոր է պետք, բենզին է պետք, նորոգել է պետք...։ Ասում են՝ բա առաջ ո՞նց էր աշխատում։ Բացատրում եմ, որ առաջ մեքենան նոր էր... էհ, մարդուն թևաթափ են անում։

— Ի՞նչ մեղադրանք տվին։

— Հակահեղափոխական... Վտարել կուսակցությունից, գործը հանձնել դատական մարմիններին։ (ն.տ, թ.26-27)։

Իրականում որոշումն ավելի բարդ էր։ «Հանձնարարել վարչության նախագահ Ս. Հովհաննիսյանին, կարճ ժամանակամիջոցում մեքենան ստուգման ենթարկել մեխանիզատորների կողմից, հայտնաբերել վնասարարությունը։ Հանձնարարել ընկ. Խ .Հակոբյանին և Գ․Ներսիսյանին՝ կարճ ժամանակում քննության առնել եղած մատերիալները, մեկնել Երևան, պարզել նրա կապը հակահեղափոխականների հետ։ Բոլոր տվյալներն իմի հավաքելու պես, կրկին քննության դնել հարցը և հանել համապատասխան որոշում» (ն.տ., թ.27)։

Դեռ մի վերքը չէր բուժվել, ստացվեց հաջորդ հարվածը. ՀԿ(բ)Կ Ախտայի կուսշրջկոմից Դդմաշենի կուսկազմակերպությանը հասցեագրված էր նամակ Գարեգին Սեդրակյանի վերաբերյալ։ Նա մեղադրվում էր, հակահեղափոխական անցյալ ունենալու համար։

Առաջինը ելույթի համար ձայն խնդրեց Ա.Պետրոսյանը։ Ոտքի կանգնեց։ Բավական ժամանակ լուռ էր։ Որտեղի՞ց սկսել։ Բոլոր հայացքներն ուղղված էին նրան։ «Հարվածելո՞ւ է, թե պաշտպանելու»։

— Ընկերներ,— ցածրաձայն սկսեց նա։ — Գարեգին Սերտուկյանն իսկապես ունի հակահեղափոխական-դաշնակցական բարեկամներ։ Այդ մասին Ախտայում էլ գիտեն, Երևանում էլ։ Մենք էլ գիտենք։ Սակայն Գարեգինը նրանց հետ ոչ մի կապ չունի։ Չքավոր ընտանիքից է։ Եղել է բատրակ։ Մենք բոլորս դա գիտենք։ Նամակում նշված փաստերը զրպարտություն են...

Ոտքի կանգնեց Սիմոն Հովհաննիսյանը։

— Ընկերներ, ես այն կարծիքին եմ, որ եթե հիմա մենք Գարեգինին պաշտպանության տակ չառնենք, դեռ կգտնվեն մարդիկ, որ նրան կզրպարտեն։ Մենք պետք է որոշում կայացնենք, տանք տեղեկանք, որ նա իր դաշնակցական բարեկամների հետ ոչ մի կապ չունի։

Այս ելույթը բախտորոշ եղավ Գարեգինի համար։ ժողովը լիազորեց