Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/296

Այս էջը սրբագրված է

նախագահին՝ կազմելու տեղեկանք, որ այլևս նրան քաղաքական մեղադրանքներով չանհանգստացնեն։

1937թ. սեպտեմբերի 17-ի ժողովում լսվում է Առաքել Սիմոնյանի հարցը։ Նրան հարուցված էր ծանր մեղադրանք, կռվել է կարմիրների դեմ։ ժողովում Առաքելն ակամա ընդունեց մեղադրանքը։ «Այսօր ճիշտ է դրված իմ խնդիրը։ Պետք է քննվի... Բոլշևիկների դեմ կռվելը անկախ իմ կամքից է եղել։ Ինձ զոռով են տարել և անգիտակցաբար փախել եմ գյուղից...»։

Սիմոնն զգաց, որ պահը որոշիչ է։ Առաքելն ինքն իրեն չի կարող պաշտպանել։ ժխտել, որ նա չի կռվել բոլշևիկների դեմ, այլևս անհնար է։ Հարկավոր էր ելք գտնել, և նա ելքը գտավ։

— Ընկերներ, Առաքել Սիմոնյանի հարցը առաջին անգամ չէ, որ լսվում է։ 1927 թվից ի վեր մի քանի անգամ արծարծվել է։ Նրան մեղադրում են բատրակ պահելու մեջ։ Դա ճիշտ չէ։ Նա պարզապես տնփեսա է գնացել։ Կնոջ հայրը՝ Արզուման Մալխասյան՝ շոշափելի հարստության տեր մարդ էր։ Նա էր բատրակ պահում։ Առաքելն այդ տանը երկար չի մնացել. 1921-ին եղել է միլիցիոներ։ Հետո նրան վերցրին զինվորական ծառայության՝ Վաղարշապատում։ Այնտեղ դաշնակները մոլորության մեջ են գցում զինվորներին, դուրս են բերում խորհրդային իշխանության դեմ։ Նրանց հետ է լինում նաև Առաքելը։ Նա գիտակցելով, իրադրությունը, դիմել է փախուստի։ Նա սրտանց չի պայքարել խորհրդային իշախանության դեմ։ Կոլտնտեսություն կազմակերպելու օրվանից նա մեզ հետ է։ Այս զրպարտագիր ուղարկողին մենք աշխատանքից հեռացրել ենք։ Ինքը եղել է դաշնակցական։ Նա ուզում է մեզանից խլել մեր լավագույն կոմունիստներին։ Մենք պետք է ուժեղացնենք մեր պայքարը այդպիսի անձնատրությունների դեմ։

Անմիջապես նրան շարունակեց Մ-Գրիգորյանը.

— Սիմոնյոն՝ երբեք բատրակ չի պահել.. Կոլտնտեսություն մտնելիս անասուն չի վաճառել..

— Առաքելը որբ է եղել և բատրակ,— հաստատեց Գալուստ Պետրոսյանը։ — Նա որպես կոմունիստ ակտիվ աշխատել է մեր կուսակցության համար։

1929թ. զտման ժամանակ,— խոսեց Ա.Ավետիսյանը,— Առաքելի վերաբերյալ դարձյալ հարց բարձրացրին անհարազատ տարրերը։ Խոսեցին նաև Ս.Բադալյանը, Ա.Հարությունյանը, Բ.Բադալյանը, Ա․Պետրոսյանը, Դ․Ներսիսյանը, Խ.Բարսեղյանը, Խ.Հակոբյանը, Ա․Ղազարյանը։