Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/297

Այս էջը սրբագրված է

Որոշեցին. «Այն մատերիալները, որ կան Առաքելի վրա, իրականությանը չեն համապատասխանում... Դաշնակցականները նրան վերցրել են որպես զինվոր։ Կռվի ժամանակ ոչ թե ակտիվ կռվել է, այլ գլուխ է պահել։ Մատերիալ տվողները անհարազատ տարրեր են» (ֆ.822, ց.1, գ.9, թ.39-42)։

Այս օրինակները մենք պատահականորեն չենք բերում։ 1937-ից անցել է 60 տարի, սակայն հարազատների կորստի մրմուռը շատերի սրտերում վերստին պահպանվում է։ Մենք կամեցանք ճշմարիտ դեպքերով նշել, որ եթե գտնվել է մեկ սրիկա, ապա ողջ գյուղը, ողջ կուսակցական կազմակերպությունը վճռական պահին ոտքի է կանգնել համագյուղացուն պաշտանելու համար։ Այն տարիներին դա մեծ քաջություն էր։ Հպարտություն էի զգում, երբ կարդում էի այդ վկայությունները։ Եվ կամեցա, որ մեր խիզախ ու արդարամիտ հայրերի մասին իմանա նոր սերունդը։ Այդ ծանր օրերին Դդմաշենցիները եղել են միասնական, և նրանց առաջնորդել է պապերի արդար ոգին։

Ի՞նչ կատարվեց հետո։ Հայտնի է, որ զրպարտիչները շարունակեցին նամակներ ուղարկել։ Նորից ու նորից պահանջում էին քննություն առնել Առաքել Սիմոնյանի հարցը։ Ի վերջո, շրջկոմը պահանջեց նրան հեռացնել կուսակցությունից։ Նա հեռացվեց ոչ թե կազմակերպության, այլ՝ շրջկոմի կողմից։ 1937-ի հոկտեմբերի 4-ի ժողովում թեև Դդմաշենցիները կրկին փոթորկվեցին, սակայն ուշ էր։ Շրջկոմի որոշումն արդեն կայացված էր։ Այդ օրը մեղադրվեց կուս անդամության թեկնածու Պատվական Զաքարյանը, որպես բոլշևիկների դեմ կռվող. «...Ունեցել է հակահեղափոխական հայր, եղբայր։ Եղբայրն սպանվել է բոլշևիկների գնդակով»։ (ն.տ., թ.48)։

Գյուղական խորհրդի նախագահ առաջադրվեց Շավարշ Գրիգորյանը (ն.տ, թ.49)։

Առաքել Սիմոնյանի նկատմամբ պաշտպանական ելույթների տեքստերը հայտնվեցին շրջկոմի քարտուղարի և ապա Չեկայի քննիչի սեղանին։ Որոշվեց բացատրություն պահանջել բոլոր նրանցից, ովքեր փորձ են արել պաշտպանել նրան։ Հարցը լսեցին հոկտեմբերի 14-ի ժողովում։ Շրջկոմի ներկայացուցիչը կարդաց շրջկոմի բյուրոյի որոշումը Առաքել Սիմոնյանին կուսակցությունից հեռացնելու մասին և ապա դրվեց նրան «այս կամ այն կերպ պաշտպանողների հարցը»։ Բնականաբար առաջինը պետք է բացատրություն տար Սիմոն Հովհաննիսյանը։

«...Ես բանակում եղել եմ բոլշևիկ և մանդատ եմ ստացել բոլշևիկներից։ Ինձ նշանակել են Հեղկոմի նախագահ։ Մեր գյուղում,