Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/300

Այս էջը սրբագրված է

Դիմում տուր, ես կպաշտպանեմ։

— Գրեմ,— մտածեց Գևորգը, ի՞նչ իմանամ, հազար չար ու շառ կա։ Կոմունիստներին այնքան խիստ չեն հետապնդում։

Որոշեց այս մասին խոսել Գալուստ Պետրոսյանի հետ։ Փողոցում հանդիպելով նրան, առաջինը մոտեցավ Գևորգը.

— Եթե կուսակցության մեջ ընդունվելու համար դիմում տամ, դեմ կքվեարկե՞ս։

Գալուստը մի պահ զարմանքով նայեց նրան։

— Ուզում ես միանգամից ընդունվել կուսակցության մեջ։

— Հա։

— Չէ, Գևորգ, լինելու բան չէ։ Կարգ կա։ Նախ կընդունենք որպես համակրող։ Դեմ չեմ լինի։

ժողովում առաջինը ելույթ ունեցավ Գալուստ Պետրոսյանը։ Եղան նաև թեր և դեմ կարծիքներ։ Ի վերջո որոշեցին Գևորգ Տիգրանի Հակոբյանին, ծնված 1915թ., գրագետ, կոլխոզնիկ, սոց. ծագումով գյուղացի, ընդունել համակրող (ն.տ, թ.1)։

Այդ օրերին համակրողների շարքերն ընդունվեց նաև Սեթ Արզումանի Ստեփանյանը։ Վաղինակ Մացակի Հարությունյանը համակրողների շարքերից անցավ կուսանդամության թեկնածու։ Հաջորդ ժողովում, հունվարի 22-ին, կուսանդամ ընդունվեց Սիրանուշ Մելիքի Սիմոնյանը, իսկ Բավական Եգորի Մելքոնյանը, Աղավնի Հմայակի Ներսիսյանը, Արփենիկ Բալաբեկի Հունանյանը, Խաչիկ Վարդանի Սարգսյանը ընդունվեցին համակրողների շարքերը։

Ծանր էր Արմենակ Հայրապետյանի վիճակը։ Կուսակցական փաստաթղթերը ստուգելու ժամանակ, նրան շրջկոմը վտարեց կուսակցությունից, առանց կազմակերպության կարծիքը հաշվի առնելու։ Անցնում էին տագնապներով, անքուն գիշերներով լի ամիսներ։ Արմենակը ում էլ դիմում էր, աշխատանք չէին տալիս։ Շատերը խուսափում էին նրա հետ փողոցում խոսակցություն վարել։ Ում էլ դիմում էր, որ օգնեն, ուսերն էին շարժում։

— Ի՞նչ կարող ենք անել։ Որևէ կերպ հարցդ ժողովում քննարկման դնել տուր, մենք խոսենք։ Ի վերջո եկավ այդ օրը։ Հունվարի 23-ին Դդմաշեն ժամանեց շրջկոմի ներկայացուցիչը։ Նա պետք է ժողով անցկացներ և խոսեր ՀԿ(բ)Կ Կենտկոմի հունվարյան պլենումի արդյունքների մասին։ Այնտեղ կետ կար, որ պետք է շարունակել պայքարը դասակարգային թշնամու դեմ, սակայն զգուշանալ, որ մեր լավագույն մարդկանց չվտարենք կուսակցությունից։ Առաջինը Արմենակ Հայրապետյանի մասին խոսք բացեց Ս.Բադալյաը: