Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/307

Այս էջը սրբագրված է

բռնությունների քաղաքականությունից։ Թերևս այդ քաղաքականությունը կառավարման մեթոդ էր, որը երբեք չպիտի փոխվեր։

Ստալինյան դաժան մտրակը միլիոնավոր մարդկանց քշում էր դեպի աշխատանք, առանց ընդունելու մարդկային նախասիրություն կամ ցանկություն։ 1942-45 թվականներին հարյուրավոր կոլտնտեսականների աշխօրի դիմաց չբաժանվեց ոչ մի կիլոգրամ հացահատիկ, բուրդ, յուղ։ Կառավարությունը նույնիսկ չարձանագրեց և արգելեց խոսել հազարավոր սովամահության ակտերի մասին։ Ավարտվել էր պատերազմը, սակայն շարունակվում էր սովը։ Գյուղացին հաց որոնելու համար մեկնում էր արդյունաբերական կենտրոններ։ Վրաստանում, Ադրբեջանում, Միջին Ասիայում նրանք կատարում էին ամենածանր աշխատանքները, որ օրահաց հասցնեն սովի մատնված ընտանիքներին։ 1946-ից ծայր առան նոր տագնապներ։ Սկսվեցին ռազմագերիների հետաքննություններն ու ձերբակալությունները։ Նորից լայնորեն բացեցին բանտերի դռները։ Իսկ 1948-ից վերսկսվեց աքսորի դաժան քաղաքականությունը։ Գյուղական վայրերում, կոլտնտեսություններում, սովխոզներում մարդիկ հրաժարվում էին աշխատել։ Ավարտվել էր պատերազմը, այլևս չկար այն բարոյական հզոր ազդակը, որը մղում էր նրանց անձնուրաց աշխատանքի։ Կոլտնտեսային աշխատանքներից խուսափելու փաստեր արձանագրվեցին։ ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության 1948-ի հունիսի 3-ի որոշման համաձայն, միջոցառումներ անցկացրեցին «գյուղատնտեսության մեջ չարամտորեն աշխատանքից խուսափող և հակահասարակական, պարազիտային կյանք վարող մարդկանց հեռավոր շրջանները արտաքսելու համար»։ Հրամանագիրը թույլ էր տալիս աշխօրերի մինիմում չկատարած մարդկանց արտաքսել գյուղից։ Դրանով սպառնալ մյուսներին, նրանցից ստորագրություն վերցնել և պահանջել աշխատել։

Դդմաշենամ այդ հարցը լսվեց 1948թ. հունիսի 29-ին կուս. ժողովում։ ժողովն անցկացնում էր շրջկոմի քարտուղար Ներսիսյանը։ Նրա հետ Դդմաշեն էր ժամանել նաև շրջղորհրդի գործկոմի նախագահ Միրզոյանը։ Նրանց ներկայությունն արդեն իսկ վկայում էր, որ հարցին մեծ կարևորություն է տրվում։ Կասկած չկար, որ մինչև հարցի քննարկումը կատարվել են նախապատրաստական աշխատանքները։ Որոշված է եղել, թե ովքե՞ր պետք է ելույթ ունենան, ո՞վ պետք է պատժվի։ Հրամանագրի շուրջը գործնական զրույց բացեց շրջկոմի քարտուղարը, ապա կարդաց որոշ հատվածներ, առաջարկեց, որ ժողովը որոշի, թե ինչպես վարվի դդմաշենի կոլտնտեսության այն անդամների հետ, որոնք չեն կատարել աշխօրերի մինիմումը։