Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/309

Այս էջը սրբագրված է

զոհվել էին Հայրենական Մեծ պատերազմի տարիներին։

Պատերա՜զմ...

Վիթխարի կորուստների ու հերոսացման տարիներ։ 540 Դդմաշենցի մեկնեց ռազմաճակատ, 207֊ը չվերադարձավ։

Զոհվածների մեծ մասը 18-20 տարեկան երիտասարդներ էին։ Կային ընտանիքներ՝ 3, նույնիսկ 4 զոհ ունեցան։ Զոհվեցին բազմաթիվ ընտանիքների զույգ զավակներ, հայրեր ու որդիներ։

Նրանք ընկան, որ հարատևի ծնող ու սնող ժողովուրդը։ Ռազմաճակատ մեկնեցին նաև Դդմաշենցի աղջիկներ՝ Աշխեն Հարությունյանը, Նվարդ Ասատրյանը, բժշկական ծառայությունների լեյտենանտ Աիդա Գևորգյանը։ Նրանք, ինչ խոսք, փառք ու պատիվ բերին իրենց ծննդավայրին։

Գյուղի կենտրոնում վեր է խոյանում Հայրենական Մեծ պատերազմում զոհված դդմաշենցիների բազալտե հուշարձանը։ Բացումը տեղի ունեցավ 1968-ի հունիսի 18-ին։

Բազմաթիվ հոդվածներ են հրապարակվել պարբերական մամուլում դդմաշենցի քաջարի զինվորների մարտական սխրանքների մասին։ Քանի՜-քանիսը եղել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսիայի տարբեր քաղաքներում, այցելել են զոհված հարազատների շիրիմներին։ Դդմաշենցիները տվել են օդաչուներ, տանկիստներ, հրետանավորներ, ծովայիններ, սակրավորներ։ Վեցը ստացել են կապիտանի զինվորական աստիճան, երկու տասնյակից ավելի զորակոչվածներ արժանացել են լեյտենանտի կոչման։ Մարտի են տարել դասակներ ու վաշտեր։ Պատերա՜զմ...

Նշանակում է կորուստ ու զրկանք, վերք ու դառնություն։

Կապիտան Սուրեն Ղազարյանը զրկվեց իր մի ոտքից։ Ապա նույն դառը կորուստն ունեցան Հայրապետ Հայրապետյանը։ Մեկ թևից զրկվեցին Առյուծ Մանուկյանը, Գագիկ Եղիազարյանը։ Վարազդատ Վարդանյանը զրկվեց տեսողությունից, Անդրանիկ Ղուկասյանը դարձավ խուլ ու համր։ Ծանր վերքեր ստացան Ավետիք Կարապետյանը, Լիազոր Ներսիսյանը, Արտաշ Հայրապետյանը, Սուրեն Դավթյանը, Գարեգին Սողոմոնյանը։

Պատերա՜զմ...

Սով, արհավի՜րք, ավե՜ր...

Ռազմաճակատը թիկունքով է ամուր։ Իսկ թիկունքում մնացել են ծերերը, կանայք, երեխաներ...

Աշխատում էին լուսաբացից լուսաբաց։