Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/313

Այս էջը սրբագրված է

ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐԸ

(Պատմում է ութսունհինգամյա Յուղաբեր Մադաթի Մարտիրոսյանը)


Հայրենական պատերազմի առաջին օրերին ամուսինս՝ Արտավազդ Գևորգի Կյուրեղյանը, մեկնեց ռազմաճակատ, իմ խնամքին թողնելով երեք մանկահասակ երեխա։ Աշխատում էի կոլտնտեսությունում։ Տասնվեց եզան խնամք հանձնված էր ինձ։ Նախապատրաստվում էինք 1942թ. գարնանացանին։ Փետրվարի 8-ին մեր տուն եկավ հորեղբայրս Աղաբեկ Մարտիրոսյանն ու ասաց. «Վաղը կամ մյուս օրը քեզ աքսորում են»։

— Ինչո՞ւ։ Ո՞ր մեղքիս համար,— լացս խեղդելով հարցրի ես։

Նա պատասխանեց.

— Գյուղական խորհրդին տեղյակ են պահել, որ ամուսինդ՝ Արտավազդը, բանակից փախել է։ Առավոտյան շատ շուտ գյուղից հեռացիր։ Փետրվարի 9-ին, լուսաբացին, երեխաներիցս երկուսին շալակեցի (տոպրակի մեջ գցած), մեկին գրկեցի, գյուղից դուրս եկա։ Անցանք Զովաբեր, Ջրառատ, Աթարբեկյան գյուղերը։ Երեկոյան հասանք Հրազդան։ Մի կին հարց ու փորձ արեց, եղելությունը իմանալուց հետո, ինձ հրավիրեց տուն։ Դեռ չտաքացած, մեկուկես տարեկան աղջիկս՝ Դինան գրկիս մեջ մահացավ։ Հաջորդ օրը Հրազդանում հողին էին հանձնում մի զինվորականի։ Մեր խնդրանքով աղջկաս անդագաղ դին դրեցին զինվորականի դագաղի կողքին և հողին հանձնեցին։ Հետապնդումից վախենալով, շարունակեցի ճանապարհս։ Յոթ-ութ օր հետո հասա Արտաշատի շրջանի Մասիս գյուղը։ Հանդիպեցի կոլտնտեսության կովկիթներին։ Խորհուրդ տվեցին դիմել գինու գործարանի տնօրենին և աշխատանք խնդրել։ Կանանցից մեկը՝ Սաթիկը, ինձ տարավ տնօրենի մոտ։ Հարց ու փորձ անելուց հետո, ինձ ընդունեց որպես հացթուխ և խոհարար։ Ավարտվեց պատերազմը։ Արտավազդը չվերադարձավ։

Տնօրենի խորհրդով ու միջնորդությամբ ամուսնացա մեր գյուղացի Դավաչու Արամի հետ, որի կինը մահացել էր, հինգ մանկահասակ երեխաներ թողնելով անխնամք ու որբ։ Համատեղ կյանքի ընթացքում ունեցանք ևս հինգ երեխա, երեսուն թոռ, 72 ծոռ։

■ ■ ■

Սևանի ավազանում լավ համբավ ուներ Ունուզի Մկրտիչը։ Նա նույնիսկ օտար լեզուներ գիտեր։ Աշխատում էր Վարսեր գյուղի կոլտնտեսությունում որպես անասնաբույժ։