Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/315

Այս էջը սրբագրված է

նամակ գրել Դդմաշեն։ Գրեցի և շատ շուտ էլ ստացա տատիս՝ Անուշկայի պատասխանը։ Տատս գրել էր. «Սիրանուշ, աչքդ լույս, պապադ վերադարձել է, շտապ եկ»։

Նամակն ընթերցելուց հետո, խնամակալս՝ Նինա Միխայելովնան, մեծահոգաբար ասաց. «Տես, Սիրան, եթե հայրդ եկել է և ողջ է, ես ինքս քեզ կտանեմ ձեր գյուղ և, եթե հայրդ հարմար կգտնի, ես էլ կմնամ ձեր տանը և մայրություն կանեմ քեզ»։ Ես ուրախացա։ Խեղճ կինը սկսեց վաճառել տան իրերը, որ ճամփա ընկնենք։ Սակայն տեղի ունեցավ հրաշք, կատարյալ հրաշք։ Հենց այդ նույն երեկոյան բանակից ողջ ու առողջ վերադարձավ նրա ամուսինը։ Նինա Միխայելովնան և ես անսահման ուրախ և երջանիկ էինք։ Եվ մայրացուս նոր որոշում կայացրեց, որևէ հայ ընտանիքի հետ ինձ գյուղ ուղարկել։ Այդպես էլ եղավ։ Մի հայ ընտանիք, որը Բաքու էր գալիս, տեղեկանալով իմ պատմությանը, ինձ համար էլ տոմս վերցրեց և բարեհաջող հասանք Բաքու։ Այստեղ, բոլորովին պատահական, հանդիպեց իմ հայրենակիցը՝ Մուդոյ Արստոյի եղբոր տղա Երվանդը։ Ինձ տարավ էրմենիքենդում ապրող հորեղբորս Ավետիսի տան։ Մի քանի օր մնացի հորեղբորս տանը, հարազատներիս կարոտն առա և մի գեղեցիկ օր էլ եկա հայրենի գյուղ՝ Դդմաշեն։

ԱՍԼԱՆՑԱՆ ԿՈԼՅԱ ՄԱԿԱՐԻ

Ծնվել է 1916-ին։ Խորհրդային բանակում ծառայել է 1936֊1943թթ.։ Մասնակցել է սովետա-ֆիննական պատերազմին։ 1943-ին գերվել է ֆաշիստների կողմից։ Մի քանի տարի անցկացրել է հիտլերյան համակենտրոնացման ճամբարներում։ 1948-ին զորացրվել է, ամուսնացել։ Երկրորդ գավակի ծնվելուց հետո, 1949-ին բռնադատվել է 25 տարվա տաժանակրության։ 1956-ին վերադարձել է աքսորից, մի քանի ամիս անց կնքել է իր մահկանացուն։

ՇԱՏԱԽԻՑ ԵԿԱԾ ՀԱՅՈՒՀԻՆ

— Մարե,— այսպես էին կանչում նրան գյուղի մեծից փոքրը։ Նրա դուռը թակում էին օրվա բոլոր ժամերին։

— Մարե, կինս ծանր հիվանդ է, շտապ արի։

— Մի վախենա, կինդ կծննդաբերի տասն օրից։