Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/319

Այս էջը սրբագրված է

ԱՌԱՋԻՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Անդրանիկ Հարությունի Անտոնյանը 21 տարեկան էր։ Սահմանապահ։ Նա լսեց առաջին կրակոցները։ Ապրեց առաջին հարվածի սոսկումները, հերոսացավ ինքնապաշտպանական մարտերում։ Նահանջում էր ահեղ գոտեմարտերով։ Նահանջ, որը նման էր գրոհի ու հաղթանակի։ Կռվեց Կիևի քաջարի պաշտպանների շարքերում ու զոհվեց... Ուկրաինա, քե՜զ համար...

ԱՆՄՈՌԱՑ ԾՈՎԿԻ ԵՂԻՇԸ

Նրան այդպես էին կոչում համագյուղացիները։ 1933-ին զորակոչվեց։ Ծառայեց երեք տարի, վերադարձավ։ Սովորեց մեխանիզատորների դասընթացներում, աշխատեց։ Հասկացավ հողի լեզուն։ 1941-ի հունիսին թակեցին դուռը։

Տանկիստ էր։

Ավելի քան երկու տարի պատերազմի հոգսերի մեջ էր։ 1943-ի հունվարի 3-ին զոհվեց Կիզլյարի շրջանի Կիրովկա քաղաքի տարածքում։

ՀԱՅՏՆԻ Չէ՝ ԵՐԲ, ՀԱՅՏՆԻ Չէ՝ ՈՐՏԵՂ

Գուրգեն Անտոնյանը չքավորի որդի էր, սակայն մի կտոր օրահացով հպարտ ապրեց։ 1925-ին, 22 տարեկան հասակում զորակոչվեց։ Ծառայեց Քանաքեռի գնդում։ Հավատում էր, որ կարմիր բանակը անպարտելի է։ 1941-ին մեկնեց ռազմաճակատ։ 1942-ին մասնակցեց Կերչի ահեղ ու անհավասար մարտերին։ Ընկավ... Հայտնի չէ ե՞րբ, հայտնի չէ՝ որտեղ։

Օրերից հարազատների սրտերում աղի արցունք մնաց ու խոր մրմուռ։

ՄՈԽՐԱՑԱԾ ԱՐԵԳԱԿՆԵՐ...

Երկու եղբայր, երկու սեր, երկու արեգակ։ Միքայել ու Պողոս Անտոնյաններ։ Ստեղծված միայն երգ ու ծիծաղի համար։ Նրանց հետ աշխատելը բավականություն էր, նրանց լսելը՝ հաճույք։

Միքայելը -35 տարեկան էր, Պողոսը՝ 32։ Զորակոչվեցին նույն օրը։ Պողոսը զոհվեց 1943-ի հունվարի 17-ին, Կրասնոդարի երկրամասի Շահումյանի շրջանում։ Թաղված է Պշիշ ավանի եղբայրական գերեզմանոցում։ Միքայելն անհայտ կորել է 1943-ի հուլիսին...