Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/321

Այս էջը սրբագրված է

Բարանովիչ քաղաքի ազատագրման համար մղված մարտերին։ Զոհվեց 1943-ի հոկտեմբերին։

Ու դեռ հիշվում է խոսքը. «Ես նա եմ»։ Այո, նա է, հազարավոր անանուն հերոսներից մեկը։

ՉՈՐՍ ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿ ՆՈՒՅՆ ՀՈՂԻՑ

Գրոդնո 1941։ Քաղաքի մատույցներում պաշտպանական մարտեր են մղվում։ Կողք-կողքի կռվում են դդմաշենցիներ Ավետիսը, Սուրենը, Վաղուշը, Դոլուխանը...

Չորս տան ճրագ։

Չորս կարմիր ծաղիկ նույն հողից։

Երբեմն-երբեմն ձայն են տալիս իրար.

— Վաղուշ, կենդանի՞ ես...

— Դոլուխան, ձայն տուր...

— Ավետի՜ս... Ավետիսյա՜ն, ինչո՞ւ ես լռում...

— Սուրեն, խոսիր...

Զնգում են անունները։ Ամեն անունի հետ մի կարմիր ծաղիկ է թառամում։ Չորսն էլ հերոսի մահով ընկան։ Վաղուշը գյուղում մահացավ, վերքերից։.

Ինչ արյունոտ գարուն էր։

Ի՜նչ շատ էին կարմիր ծաղիկները...

Ավետիսի կրտսեր եղբայրը՝ Հայկազը, վերադարձավ վիրավոր։ Երկար տարիներ գյուղական խորհրդի քարտուղարն էր։

Երբ դաշտի ծաղիկներ էին քաղում, նեղանում էր.

— Տղաներ, խնդրում եմ, չքաղեք դաշտի ծաղիկները։

ՀԱՑ ԱՐԱՐՈՂ ՇՈՒԹՈՅ ԱՎԵՆ

Հնձվոր էր, հողագործ ու սայլապան։ Աշխատեց նաև Արզնիի հէկում։ Կռվեց Թաման թերակղզում, Թամանյան 89-րդ դիվիզիայի 526 հրաձգային գնդում։ Երեսուներկու տարեկան էր, երբ տեղի ունեցան Կերչի դաժան կռիվները։

Նա, որ ծնվել էր հաց արարելու համար, զենք վերցրեց։ Աշխատանքում առաջատար՝ մարտում էլ առաջիններից էր։

Ընկավ... 1942-ի հոկտեմբերի 17-ին։

Սևանի զինվորական կոմիսարիատում գրանցված է անհայտ կորածների մատյանում։