Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/322

Այս էջը սրբագրված է

ՎԱ՜Յ, ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ՄԵՐԸ ՄԵՌՆԻ...

Առաքելի խոսքն էր։ Հիմա էլ հիշվում է։

— Առաքելյան, խոսիր... Իմանանք՝ որտեղի՞ քաջերից ես։

— Քաջաստանի տղաներից եմ։

Միշտ կատակը շուրթերին էր։

Երբ զինվորական ծառայության մեկնեց, պատերազմը չէր սկսվել։ Մարտի մեջ մտավ Օրջոնիկիձե քաղաքի մատույցներում։ Կովկասի նախալեռներից կռվով հասավ մինչև Օռլով։

1943-ի սեպտեմբերի 12-ի ամսաթվով զորամասից նամակ ստացվեց. «... Ձեր որդի Առաքել Առաքելյանը զոհվել է քաջաբար։ Թաղված է Օռլովի մարզի Օրջոնիկիձեի շրջանի Շաբինեց գյուղի եղբայրական գերեզմանոցում»։

Նա ընկավ, երբ քսանմեկ տարեկան էր։

Քաջաստանից էլի մի քաջ պակասեց։

ԻՆՁ ՀԱՅՐԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵՔ

Գեղամ Սերգոյի Ավետիսյան...

Զինվորական ծառայության վերցրին, երբ երեսունյոթ տարեկան էր ու գիտեր հայրանվան արժեքը։

Ռազմաճակատ մտավ որպես նշանառու։

89-րդ Հայկական հրաձգային 400-րդ գնդի զինվոր էր։

Երբ հարցնում էին. ինչպե՞ս դիմել ձեզ, անմիջապես պատասխանում էր. «Ինձ հայրանունով կոչեք»։

Պատվով պահպանեց հայրանունը։

Զոհվեց 1942-ի նոյեմբերի 3-ին, Կաբարդինո-Բալկարական Ինքնավար Մարզի Կոտլյարովսկ ավանի մոտ։ Այնտեղ էլ թաղված է։

Նրա մահվան օրը գյուղում ձյունախառն անձրև եկավ։

Օրը լացեց։

ԱՍՊԱՏՈՒՐԻ ՇԱՀԵՆԸ

Արտասովոր հիշողություն ուներ Շահեն Ասլանյանը։ Բազմանդամ ընտանիքի հոգսը թեթևացնելու համար աշխատել սկսեց վաղ հասակից։ 1934-ին, 22 տարեկանում զորակոչվեց։ Բանակում հյուսնի արհեստը սովորեց, գյուղում՝ կոշկակարի։ 1941-ին նորից զորակոչվեց։ ժիտոմիր քաղաքի պաշտպանական մարտերում զոհվեց քաջի մահով։ Արժանավոր զավակներ ունեցավ։ Բոլորն էլ արհեստավոր են։