Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/324

Այս էջը սրբագրված է

ԵՐԵՔ ՏԱՏԻԿՆԵՐԻ ԽԻԶԱԽ ՀԱՅՐԸ

Երբ Ավետիք Բաղդասարյանը զորակոչվեց, երեսունմեկ տարեկան էր, երեք աղջիկների հայր։ Հիմա նրանք՝ Սուլթանը, էմման ու Լիդան տատիկներ են։ Հիշում են իրենց խիզախ հայրիկին։

Պատերազմի առաջին ամիսներն էին։ Ավետիքը Վրաստանում ձեռք բերեց զինվորական պատրաստվոծություն, մեկնեց գործող բանակ։ Կերչ քաղաքի մատույցներում մահացա վիրավորվեց։ 1942 թվականի մարտի 12-ին մահացավ հոսպիտալում։ Թաղված է Գլազովկա եղբայրական գերեզմանոցում։

Երեք աղջնակ որբացան։ Սակայն ճակատագրի հրամանն էր, որ ապրեն։

Ապրեցին, որ սերունդներին պատմեն իրենց արժանավոր, խիզախ ծնողի կարճ կյանքի պատմությունը։

ՀԱՐԱԶԱՏ ԱՂԲՅՈՒՐԻ ՍԱՌՆՈՐԱԿ ՋՈՒՐԸ

Ռազմագերիներին Կերչից տեղափոխեցին ոտքով։ Շարասյան մեջ էր նաև դդմաշենցի Գեղամ Բաղդասարյանը։ Երեսունն անց էր։ Արտաքինից նայելիս կարելի էր կարծել, թե հիսուն տարեկան է։ Հյուծված էր, քաղցած ու սաստիկ ծարավ։ «Ջուր, մի քիչ ջուր»։

Ու հիշում էր հարազատ գյուղի սառնորակ աղբյուրները։ Մթնեց։ Քշեցին մի ցանկապատված բակ։ Գերության մեջ անցկացրեց ուղիղ մեկ ու կես տարի։ Ու մի օր բոլորովին հյուծված հայ ռազմագերին խոր ծարավ զգաց։ Շոգում էր, ծարավը հետզհետե սաստկանում էր։ Ջերմությունն ավելի ու ավելի էր բարձրանում։ Պատկերացրեց, որ հարազատ ծննդավայրում է, աղբյուրի մոտ։ Խմում էր սառնորակ ջուրը ու չէր հագենամ... Հետո գիտակցությունը կորցրեց։ Լուսաբացին ինչ-որ մեկը հրամայեց.

— Տարեք դրան...

Դա 1943 թվականի մարտի 10-ն էր։

ԴԱՐՉՈՅԻ ԳՈԳՈՆ

Այդպես էին անվանում Գուրգեն Բեգլարյանին։ Երեք տարեկան էր, հայրը մահացավ։ Մայրը ամուսնացավ, գյուղից հեռացավ։ Որբի խնամքը ստանձնեցին հորեղբայրները՝ Կարոն ու Դարչոն։ Նրանցից սովորեց որմնադիրի արհեստը։ Մեծացավ, տուն կառուցեց, ամուսնոցավ։