Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/325

Այս էջը սրբագրված է

Սկսվեց Մեծ հայրենականը։ Մեկնեց ռազմաճակատ։ Չորս տարեկան*տղան՝ Արմենակը, սովից մահացավ։ Կինը՝ Ջեյրանը, դստեր՝ Ալվարդի հետ տեղափոխվեց Երևան։

Զոհվեց 1943-ի օգոստոսի 12-ին։ Թաղված է Կրասնադարի մարզի Կրիմսկի կայարանի զբոսայգում...

Ամեն տարի գարնանը նրա գերեզմանի շուրջը ծաղիկներ են ցանում։

ԻՆՁ ՊԱՂ ԷՐ ԱՅՆ ԱՌԱՎՈՏ

Արզնու հիդրոկայանի շինարարությունում էր աշխատում Հովհաննես Բունիաթյանը։ Ռազմաճակատ մեկնեց պատերազմի առաջին օրերին։ Ծառայեց հայկական 409-րդ դիվիզիայի հրաձգային գնդում։ Համագյուղացի Թաղո Սահակյանի հետ միասին գտնվում էին կրակի առաջին գծում։

Թշնամին գլխապատառ նահանջում էր Հյուսիսային Կովկասից։ Մոզդոկ քաղաքի մոտ Հովհաննեսն առաջադրանք ստացավ հետախուզել թշնամու դասավորությունը։

Առաջադրանքը կատարված էր։ Խիզախ հետախույզը միացավ գրոհողներին։


1943 թվականի հունվարյան մի առավոտ կտրվեց նրա կյանքի թելը։

Ի՜նչ պաղ էր այն առավոտ...

ՄԱՐԴ ԱՍՏԾՈ, ԴՈՒ Ո՞ՒՄ ՏՂԱՆ ԵՍ...

Նա ռազմաճակատ մեկնեց Երևանից։ Միջնակարգը նոր էր ավարտել։ Մուխումում սովորում էր սերժանտների դասընթացներում։ Հայրենակիցները հանդիպեցին.

— Դու ո՞ւմ տղան ես, մարդ Աստծո...

— Թումասի Հայկի տղան եմ, Աղաբեկ Գալստյանն եմ։

— Լավ մարդու զավակ ես։ Անփորձանք մնաս...

Կռվեց առաջին բելառուսական ռազմաճակատի 36-րդ հրաձգային դիվիզիայի կազմում։ Ընկավ Վիտեբսկի ազատագրման ժամանակ, 1943-ի փետրվարի 3-ին, երբ ընդամենը 19 տարեկան էր...