Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/326

Այս էջը սրբագրված է

ԲԱՐԵՎԸ ՏԵՂ ՀԱՍԱՎ

Նրան հիվանդանոց էին տեղափոխում 4 զինվոր։ Սուրեն Մկրտչյանը հայերեն բառեր լսեց, մոտեցավ պատգարակին։

— Դու ո՞վ ես... Որտեղացի՞ ես...

— Սուրեն, չճանաչեցի՞ր... Հայրապետի տղան եմ, Սուրենը, Դդմաշենից... Սուրեն Գալստյանը։

— Սու՜րեն...

— Գնացեք, արա՜գ-արա՜գ,— թիկունքից լսվեց հրամանը։ Ծանր վիրավոր Սուրեն Գալստյանին դուրս էին բերում ճակատային գծից, իսկ Սուրեն Մկրտչյանը մտնում էր ճակատային գիծ։

— Սուրեն, մերոնց բարև կտանես,— վերջին անգամ լսվեց Գալստյանի ձայնը։

«Տեր Աստված, փրկիր նրան,— շշնջաց Սուրեն Մկրտչյանը,— ախր, դեռ ջահել է»։

Սուրեն Գալստյանը վախճանվեց հիվանդանոցում։

Բարևը տեղ հասավ։

«ԻՆՁ ԹԱՂԵՔ, ԵՐԲ ԿԱՐՄԻՐ ՎԵՐՋԱԼՈՒՅՍՆ է ՄԱՐՈՒՄ...»

Մկրտիչ Սահակի Գալստյանը մեծ հակում ուներ դեպի գրականությունը։ Սիրում էր Տերյան կարդալ։ Երբ զորակոչվեց, ամենաթանկ հուշը, որ նա տնից վերցրեց, Վահան Տերյանի բանաստեղծությունների փոքրիկ գրքույկն էր։

Ավարտեց Թիֆլիսի հրետանային ուսումնարանը։ Լեյտենանտի կոչումով մեկնեց ռազմաճակատ։ Մարտկոցի հրամանատար էր։ Կիևի մարզի Պեսոցկոյե ավանի պաշտպանության համար մղված կռիվներում կասեցրեց հակառակորդի տանկային գրոհը։ Հակառակորդի օդային հարձակման ժամանակ մահացու վիրավորվեց։ Մարտկոցը շարքից դուրս եկավ։

Պեսոցկոյե ավանի բնակիչները խիզախ հրետանավորին տեղափոխեցին մի գետնափոր տնակ։ Բժիշկ եկավ։ Բայց ուշ էր։ Մկրտիչը հայերեն շշնջում էր. «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում...»։ Նրան թաղեցին գյուղին մոտ բարձունքի վրա։