Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/327

Այս էջը սրբագրված է

ՕՐԸ ՇԱՂ ՏՎԵՑ ԼՈՒՅՍԻ ՇՈՂԱԿԱԹՆԵՐԸ

1942թ. օգոստոսին մի շոգ օր, ութ համագյուղացիների հետ զորակոչվեց նաև Հայկարամ Գալստյանը։

Նա քսան տարեկան էր, սակայն ձեռք էր բերել կրտսեր գյուղատնտեսի որակավորում։ Վրաստանում սովորեց ռազմական գործը և դիմեց, որ իրեն ռազմաճակատ ուղարկեն։

1943թ. մասնակցեց Գրիմի ազատագրման համար մղված մարտերին։ Վայելեց առաջին հաղթանակի բավականությունը։

— Ղրիմից հետո ինձ այլևս մահ չկա,— ասում էր ընկերներին։

Իսկ առջևում դեռ ահեղ գոտեմարտեր էին սպասվում։ Կատաղի մարտերից մեկում Հայկարամը ընկավ։ ժպտաց, անբացատրելի, առեղծվածային ժպիտով։

Օրը շաղ տվեց լույսի շողակաթները։ Հետո օրը մթնեց ու այլևս չլուսացավ...

ՈՏՍ ԼԱՎ ՁԳԵՄ, ԿՀԱՍՆԻ ԲԵՌԼԻՆ

1939-ի վերջերին էր։ Աշոտ Գալստյանը ծառայում էր Բելառուսիայում, ուղղակի պետական սահմանի մոտ։ Գնդացրորդ էր։ Մի քանի անգամ գերմանացիները զինված պրովոկացիաներ կազմակերպեցին։

— Ո՞նց են համարձակվում,— ասում էր Աշոտը,— ախր, ոտս լավ ձգեմ, կհասնի Բեռլին։

Սկսվեց պատերազմը։ Բեռլին հասնելու համար առջևում չորս տարի կար։ Աշոտը դասակի հրամանատար էր։ Գրոդնո քաղաքի մոտ դասակը սվինամարտի բռնվեց թվական մեծ առավելություն ունեցող թշնամու հետ։ Նահանջ չկար։ Կյանք կամ մահ։ Հակառակորդի գրոհը ետ մղվեց։ Դրան հաջորդեցին երկրորդ, երրորդ գրոհները։ Հյուծված, մահու չափ հոգնած ու քաղցած բանակայինները իրենց մեջ դեռ ուժ էին գտնում կռվելու։

Աշոտը զոհվեց 1941 թվականի հուլիսի ՅՕ-ին, Վերխնիդվիսկ քաղաքի համար մղվող մարտերում։

Ընկավ։

Նրա դասակը հասավ Բեռլին։