Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/328

Այս էջը սրբագրված է

«ՄԵՐ ՀՈՂ ՈՒ ՋՐԻ ՆՄԱՆԸ ՉԿԱ»

Տանել չէր կարող հորի ջուրը։

— Տեր Աստված, մի բնական աղբյուր պատահեր, մի կուշտ ջուր խմեի, — ասում էր Գալուստը։

— Իսկ ձեր գյուղում շա՞տ աղբյուրներ կան,– հետևում էր հարցը։

— Մեր հող ու ջրի նմանը չկա։

Նա զորակոչվեց 1939-ին, երբ քսանմեկ տարեկան էր։ Ծառայում էր սահմանապահ ուղեկալում։ Մաշկին զգաց առաջին գոյամարտի ահեղ ծանրությունը։ Մարտերից մեկի ժամանակ զոհվեց։ Գնդից նամակ ուղարկվեց հարազատներին. «Ընկեր Գալուստ Սիմոնի Գալստյանը Հայրենական պատերազմի այն հերոսներից է, որոնք անխնա ոչնչացնում էին ֆաշիստական բարբարոսներին։ Զինվորները երբեք չեն մոռանա նրա սխրանքը։ Ընկեր Գալստյանը զոհվել է Կիևի մարզի Տարաչինսկի շրջանի Պրուսսո գյուղում, 1941թ. հուլիսի 24-ին։ Թաղված է նույն գյուղի գերեզմանոցում»:

ՆԱ ԿԱՐՄԻՐ ՁԻՈՎ ՄԵԿՆԵՑ

1944թ. փետրվարի 28-ին էր։ Նամակատար Գեղամը մտավ գյուղական խորհուրդ ու մի ծրար պարզեց գյուղական խորհրդի նախագահ Սուրեն Ավետիսյանին։ Վերջինս փչեց, ձեռքերը տաքացրեց, բաց արեց ծրարը, նամակը հանեց ծրարից, կարդաց. «Սաբիյան Հարությունի Գալստյանը ծանր վիրավորվեց և երկու օր մահվան դեմ մաքառելուց հետո, մահացավ։ Թաղված է Դնեպրոպետրովսկի մարզի Անաստոլովո բնակավայրի մոտ, եղբայրական գերեզմանոցում»։

Նախագահը գլուխը խոնարհեց.

— Հիշում եմ, նա կարմիր ձիով մեկնեց... Քսանմեկ տարեկան էր,— ու խոր հառաչեց։ — Նամակն ինչպե՞ս հանձնեմ։ Աստված իմ, գոնե եղբայրը վերադառնար։

Եղբայրը՝ Շափաղաթը, ռազմաճակատից վերադարձավ վիրավոր։ Ամուսնացավ։

Երկու եղբորից մի արու զավակ մնաց, անունը՝ Սաբիյան։