Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/329

Այս էջը սրբագրված է

ԿԱՏԱԿԱՍԵՐ ՄԻԼԻՏՈՆԸ

— Լսել եք, որ ասում են. «Լինեի չոբան սարերում հեռու․..»։ Այդ ես եմ՝ Միլիտոն Գասպարյանս։

Ահ ու դող չուներ։ Թեև ջահել էր, բայց արդեն համբավը տարածված էր մոտակա գյուղերում։

— Միլիտոնի պահած հոտին գայլ չի մոտենա,— ասում էին համագյուղացիները։

Զորակոչվեց պատերազմն սկսվելու երկրորդ օրը։ Երեք զավակները մնացին կնոջ՝ Վերժինեի խնամքին։ Ստիպված տեղափոխվեց Երևան։ Սպասում էր Վերժինեն մի տարի... տասը տարի... քսան տարի... Միլիտոնը չվերադարձավ։

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ, ԲԱԼԱԲԵԿ

Բալաբեկ Արմենակի Գալստյանին ճանապարհեցին դպրոցական ընկերները։ Տասնութը դեռ չէր լրացել։

- Բարի վերադարձ, Բալաբեկ...

Թաշկինակներ թափահարեցին։

— Անպայման կվերադառնամ...

Մասնակցեց Չեռնիգովի մարզի պաշտպանական կռիվներին։ Զոհվեց 1943-ի սեպտեմբերի 24-ին։ Թաղված է Լոպատիյա գյուղի գերեզմանոցում...

ՍԵՎ ԹՈՒՂԹԸ ՀԱՂԹԵՑ

Արամայիս Բալաբեկի Գևորգյան. երկու երեխայի հայր։ Սիրում էր երգել։ Սքանչելի ձայն ուներ։ Գյուղով մեկ զրնգում էր ձայնը, երբ երգում էր.

Շորորա, թառլան, շորորա...

Տարրական կրթություն ուներ։ Մեկնեց Բաքու, եղբայրների՝ Երվանդի ու Վաչագանի մոտ։ Սովորեց փականագործի արհեստը։ Աշխատեց Շմիդտի անվան գործարանում։ Ամուսնացավ։ Սկսվեց պատերազմը։ Ընտանիքով վերադարձավ գյուղ։ 1943թ. մարտին անհետ կորավ Ղրիմի թերակղզու պաշտպանական մարտերի ժամանակ։