Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/331

Այս էջը սրբագրված է

ՀԱՑԸ ՀԱՑԹՈՒԽԻՆ ՏՈՒՐ...

«Հացը հացթուխին տուր, մի հաց էլ ավել տուր»։ Սա ամենահաջող ասացվածքն է հացթուխի համար։ Ավագ Գորեյանը սիրում էր գովաբանել իր թխած հացը։ Արժանի էր գովեստի։ Մինչև հիմա էլ նրան հիշողներն ասում են. «է՜, հիմա որտե՞ղ ճարես Ավագի թխած հացը»։

Ռազմաճակատ մեկնեց 1941-ի հոկտեմբերին։ Կռվեց մինչև 1944-ի ապրիլի 21֊ը։ Ընկավ Կերչի մոտ։ Թաղված է Հաջիմուշկա ավանի գերեզմանոցում։ Ավագի անդրանիկ որդին՝ Բալաբեկը, հոր անունով կոչեց որդուն։

ՈՒ ԿՐԿԻՆ ԲԵԼՈՌՈՒՍԱԿԱՆ ՀՈՂՈՒՄ

Ավետիք Արսենի Գրիգորյանը զինվորական ծառայության մեկնեց 1939-ին։ Պատերազմը դիմավորեց բելոռուսական հողում։ Առաջին իսկ օրը կռվի մեջ մտավ։ 1941-ի վերջերին մի նամակ ստացվեց. «... Հրամանատարությունը գոհ է ինձնից»։ Ու տիրեց անվերջանալի լռություն։ Նա անհետ կորել է 1943-ին։

«ԱՎԵՐ ՄՆԱՍ, ՀԱՍԱՆ ՂԱԼԱ»

Հին երգ է։ Մեր ծնողները հաճախ էին երգում այդ երգը։ Մրմուռ կար ամեն մի հնչյունի մեջ։ Գևորգ Գրիգորի Գևորգյանը սիրում էր լսել այդ երգը։

— Դրա մեջ ի՞նչ ես գտել— մի անգամ հարցրեց հայրը՝ Գրիգորը։

— Չգիտեմ, երգ է, էլի, — ու ավելացրեց,— հայի բախտին հարմար երգ է։ Ծառայեց 89-րդ փառաբանված Հայկական դիվիզիայում։ Մասնակցեց Թամանի թերակղզու ազատագրմանը։ 1943-ի դեկտեմբերին եկավ սև լուրը. «Գևորգն անհայտ կորել է...»։

Ու շուրթերն ակամա մրմնջում են. «Ավեր մնաս, Հասան-Ղալա»։

ԿՈՒՅՐ ԱՉՔԸ ՏԵՍՆՈՒՄ է... Գնում էր գնացքը։ Ճոճվում էր վագոնը։ Զինվորականները զրուցում էին. մեկը քառասունին մոտ էր, մյուսը՝ հազիվ քսան տարեկան։

— Շատ բան ես տեսել, էլի, խոսիր...

— Ի՞նչ ասեմ... բոլորը մի կողմ, կույր կնոջս եմ խղճում... Ախր, նա իմ տանը կուրացավ... Նա իմ չորս երեխաների մայրն է...

— Բայց դու ամուսնացար ուրիշի հետ։