Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/332

Այս էջը սրբագրված է

— Ինքը ստիպեց։ Երեխաներիս խնամող չկար։ Երկրորդ կինսն էլ հրեշտակ է, բայց նրան խղճում եմ... Ի՞նչ կլինի նրանց վիճակը... Ո՞վ կպահի իմ չորս երեխային, եթե ես չվերադառնամ...

— Կվերադառնաս,— հուսադրեց երիտասարդը։

Տարեցը Արտավազդ Գրիգորյանն էր, դդմաշենցի Ալեքի ավագ որդին, «նավաստին», ինչպես նրան կոչում էին գյուղում։

1941թ. հունիսն էր։ Ուղարկեցին ռազմաճակատ։ Երկրորդ կինը տնից հեռացավ, ասելով. «Նա այլևս չի վերադառնա, ես ինչո՞ւ պետք է ուրիշի երեխաները պահեմ-մեծացնեմ»։

— Նա կվերադառնա, լեզուդ չորանա,— բացականչեց Հայկանուշը։ Երեխաներին և Հայկանուշին խնամեցին Սրտավազդի հորեղբայրը՝ Սարիբեկն ու նրա կինը՝ Պարասկոն։

Ավա՜ղ, նա չվերադարձավ։

ԶԻՆՎՈՐԸ ՏԵՂ ՉՀԱՍԱՎ

Հովիվ էր Սահակ Գրիգորյանը։ Ոչխարի հոտը սար էր տանում, տեղեկացավ պատերազմի մասին։

— Ուրեմն սկսվեց...

— Սկսվեց։


Շրջանային զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը գտավ, որ նա հիվանդ է։ Զինվորական ծառայության պիտանի չէ։

— Բախտդ բերեց, գնա, ոչխարդ քշիր սար,— կոպտորեն ասաց բժիշկը։

— Չէ, բժիշկ, ես ուզում եմ ռազմաճակատ գնալ։

— Գնա առողջացիր, կուղարկեմ։ 1942 թվականի հունվարի 14-ին կրկին բժշկական քննության ներկայացավ։

— Այս անգամ կտանենք...

— Ուրեմն առո՞ղջ եմ, բժիշկ...

— Ոչինչ...

Նա մեկնեց Հեռավոր Արևելք։ Նույն վագոնով նրա հետ մեկնում էին համագյուղացիներ Աղվան Մալխասյանը, Փայլակ Մովսիսյանը և Սարիբեկ Սողոմոնյանը։

Տաշքենդ չէին հասել, Սահակը նոպաներ ունեցավ։ Շտապ օգնության մեքենայով փոխադրեցին Տաշքենդի հիվանդանոցներից մեկում։ Զինվորը տեղ չհասավ...