Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/333

Այս էջը սրբագրված է

ԲԱ ԲԵՂԵՐԴ Ո՞ՒՐ ԵՆ...

— Տղա, հա՞յ ես...

— Հայ եմ...

— Բա բեղերդ ո՞ւր են։

— Չեմ սիրում...

— Իա. ․ քո սիրելո՞վ է։ Բեղ ես թողնում, որ աղջիկները իմանան՝ դիմացինը կարգին տղամարդ է...

Տղան ծիծաղեց.

— Հենց որ վերադառնամ, բեղ կթողնեմ...

Այս զրույցը տեղի ունեցավ ռազմական ուսումնարանում։ Հարություն Գրիգորյանը՝ դդմաշենցի Արիստակեսի որդին, տասնինը տարեկան էր։ Թշնամին ներխուժել էր Հյուսիսային Կովկաս։ Դժվար օրեր էին։ Զինվորական ուսումնարանի սաներին ժամանակից շուտ ավարտական վկայականներ բաժանեցին ու տարան ջոկատ։

1942թ. դեկտեմբերին ստացվեց վերջին նամակը։ Նա զոհվեց Մոզդոկ քաղաքի համար մղված մարտերում։

ՄԵՐ ԳՈՒՆԴԸ ՈՐՏԵ՞Ղ է, ՉԳԻՏԵ՞Ք

Ավշար Արիստակեսի Գրիգորյանը մեկ տարուց ավել էր, ինչ ծառայության մեջ էր։ Հունիսի 6-ին տասը օրով արձակուրդ եկավ։ Վերադարձին, դեռ տեղ չհասած, տեղեկացավ, որ պատերազմ է սկսվել։ Մի կերպ հասավ Լվովի մարզի Ռուդնո քաղաքը։ Գունդը տեղում չէր։

Պատահած սպայից տեղեկություններ էր հարցնում. « N գունդը որտե՞ղ է, չգիտե՞ք...»։

— Չգիտենք...

Ի վերջո, մեկն ասաց.

— Որ գնդում էլ կռվես, ձերն է։ Արի մեզ հետ...

Կռվում էին Նիկոլաև քաղաքի պաշտպանության համար։ 1941 թվականի հոկտեմբերին Ավշարն հայտնվեց անհայտ կորածների ցուցակում։