Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/335

Այս էջը սրբագրված է

Շամխալը մարտական սխրանքներ կատարեց Տուապսեի երկնքում։ Մի քանի անգամ նա հաղթանակով դուրս եկավ անհավասար կռիվներից. Մեկ անգամ նրա կործանիչը վնասվեց։ Այրվածքներով ընկավ։ Փոխադրեցին Մոսկվա, հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո կրկին մեկնեց ռազմաճակատ։ Սակայն տեղ չհասավ։ Զոհվեց անորոշ հանգամանքներում։

Դոլուխանը վիրավոր վերադարձավ։ Հորը՝ Սարիբեկին, չգտավ տանը։ 1937-ին աքսորել էին որպես ժողովրդի թշնամու։ Մեռավ աքսորավայրում։

ՄԱՅՐԻԿ, ԿԱՆՉԻՐ ՀԱՅՐԻԿԸ ԿԳԱ...

— Մայրիկ, կանչիր հայրիկը կգա,– թախանձում էր փոքրիկը։ Նրանից ավագը հարցնում էր.

— Որ քնեմ, լուսանա, հայրիկը կգա՞...

Ձարուհին լալիս էր։

Չորս երեխայի հայր էր Նուշիրվան Գրիգորյանը, երբ մեկնեց ռազմաճակատ։

Միայն մի նամակ ստացվեց նրանից։ Նամակը Կերչից էր։

Լուկաշինը, Վորոնցովը, Բորիսը, Գրետան երազի նման էին հիշում իրենց հորը։

Պատերազմն ավարտվեց։ Զավակները մեծացան։ Շատ հարց ու փորձ արին, չկարողացան պարզել, թե որտեղ, ինչ հանգամաքներում է զոհվել իրենց հայրը։

ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ...

Վլադիմիր Գրիգորյանին հաճախ էին երեսով տալիս.

— Հը՜, հին գյուղապետի տղա ես, թաքցնում ես քո անցյալը։

Բարձրահասակ, թիկնեղ, համարձակ երիտասարդ էր Վոլոդյան։ Չէր քողարկում, որ ռեսի տղա է։

— Ի՞նչ կա որ, հայրս գյուղապետ է եղել, պարզ է, որ գյուղապետի որդի եմ...

Արզնիի հէկ-ի շինարարությունում աշխատեց, հետո տեղափոխվեց կաուչուկի գործարան։ Զգաց, որ գյուղապետի որդի լինելու հանգամանքը օգտագործում են իր դեմ։ Տեղափոխվեց Բաքու։ Այստեղ էլ ծանոթները քիչ չէին։ Համագյուղացի Գալուստ Ենգիբարյանի խորհրդով մեկնեց Նովոռոսիյսկ։ Պատերազմի առաջին իսկ օրը զորակոչվեց: