Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/338

Այս էջը սրբագրված է

ԴԵ՛, ԴԵ՛, ԴԵ՛, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Հինգ երեխայի հայր էր Հարություն Գալուստի Եսայանը։

— Այս կռիվը վերջ չունի։ Ինչպես երևում է, ինձ էլ են տանելու,– ամեն անգամ ռազմաճակատից լուրեր ստանալիս, ասում էր Հարությունը, ու որպես կանոն՝ կինն արձագանքում էր.

— Դե՛, դե՛, դե՛, մտքովդ չանցնի... Հինգ երեխա ունես...

1941-ին զորակոչվեց։ 1942-ին մասնակցեց Սևաստոպոլի հերոսական պաշտպանությանը։ Ապրիլի 21-ին ծանր վիրավորվեց։ Տեղափոխեցին հոսպիտալ, այնտեղ էլ կնքեց իր մահկանացուն։ Թաղված է Սևաստոպոլում։ Գերեզմանը՝ 117։

Հինգ երեխա անհայր մնացին։

ԱՎԵՏԻՍԸ ԼԾԿԱՆԸ ԲԵՐԵՑ

1930-ին առաջիններից մեկը կոլտնտեսություն ընդունվեց Ավետիս Համբարձումի Զաքարյանը։ Այն ժամանակ նա 34 տարեկան էր, առողջ, ամրակազմ, միջակ տնտեսության տեր։

Առաջինը սայլն ու լծկանը բերեց.

— Եկեք, ստացեք...

Մեկմեկու ձայն տվին.

— Ավետիսը լծկանը բերեց...

Արմենակ Հայրապետյանը գոհունակությամբ սեղմեց ձեռքը։

— Ժողովուրդ, օրինակ վերցրեք Ավետիսից...

Պատերազմի առաջին օրերին ծանուցագիր ստացվեց։ Կինը՝ Բալասանը, հիվանդ էր։ Մխիթարության խոսքեր ասաց, ղրկեց զավակներին՝ Վարդուշին ու Վրեժին.

— Մնաք բարով...

Զոհվեց Նովոռոսիյսկի ազատագրման ժամանակ։

ԳԵՂԵՑԻԿ ՁԵՌԱԳՐՈՎ ՏՂԱՆ

Գյուղի գրագետ մարդկանցից էր Երեմի Բենոն։ Այդպես էին նրան կոչում մանկությունից։ Գյուղական խորհրդի չափաբերական մատյանում գրանցված էր. «Թադևոսյան Բենո Երեմի»։ Հինգ երեխայի հայր էր։ Ոչ ոք չէր սպասում, որ պատերազմի առաջին իսկ օրը նրան կտանեն։ Նրա հետ մեկտեղ մեկնեց նաև հորեղբոր որդին՝ Բաբկենը։

Հարազատները, ավա՜ղ, չվերադարձան։

Երկար, շատ երկար ժամանակ համագյուղացիները հիշում են նրան.

— Ի՜նչ գեղեցիկ ձեռագիր ուներ Բենոն...