Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/34

Այս էջը սրբագրված է

խաչքարին... Վերջին տարիներին վերանորոգվել, ծածկը փոխվել է ու շիֆերապատվել։

ԹԱՔ ԽԱՉ — Ծաղկունք և Դդմաշեն գյուղերի հանդամասը բաժանող տեղում է, մի փոքրիկ բարձունքի վրա։ Վերջին տարիներին մի քանի երիտասարդ կարմիր տուֆ քարով փոքրիկ տնակ պատրաստեցին։ Տնակ-սրբավայրը ճանապարհի եզրին է։ Վարորդները, ուղևորները երբեմն կանգնում են, մոտենում մատուռին, մի-մի բաժակ են բարձրացնում և մեկմեկու անփորձանք ճանապարհ մաղթում...

ՔՐՉԿՈՏ ԽԱՉ — «Գեշքյաշվան» հանդամասում է։ Մի վիթխարի, մեծ, կարծր քար է, կողքին՝ մասրենու խիտ թփեր։ Ուխտավորները մասրենուց կախ են տալիս թաշկինակ, գլխաշոր, ժապավեն, ինչ պատահի և հավատում են, որ ամեն ցավից ազատվելու են։

ԶԻԱՐԱԹ — Գտնվում է «Մեյրան» տանող ճանապարհին, Կաթ–կաթ աղբյուրից երկու-երեք հարյուր մետր դեպի սարի գագաթը։ Ասում են՝ ժամանակին եղել է թուրք հովիվների սրբավայր։

ԾԱԿ ՔԱՐ — Կաթ-կաթ աղբյուրի ձորի վերևի մասում է, մի հսկայական քար է։ Մեծ անցք ունի։ Չբեր կանայք, անցնելով ծակ քարի միջով, սպասել են նորածնի։

Գյուղի վերջին և նորագույն սրբավայրը «Փոքր մեյրան» (ծաղկի անուն) կոչվող հանդամասի արևմտյան կողմի ջրառատ աղբյուրի մոտ է։ Ժամանակին Պարույր Սիմոնյանը, Արշամ և Շամխալ Գրիգորյանները, Լյուդվիկ Մարտիրոսյանը, Ավետիս Ավետիսյանը և Հարություն Հարությունյանը դժվարությամբ մի խաչքար տեղափոխեցին սառնորակ աղբյուրի մոտ։ Մի քանի գիշեր քեֆ-ուրախություն սարքեցին։ Սրբավայրը ժողովրդի կողմից սիրված է և կոչվում է «Խաչով աղբյուր»։