Ադիբեկի Թերոյանը զորակոչվել ԲԳԿԲ և հաշվառված է թիվ 14 ցուցակում»։
Միայն մի նամակ ստացվեց Բաղիշից. «Սիրելի Աննա, հիմա մենք մահու և կենաց կռիվ ենք մղում ահեղ թշնամու դեմ։ Դաժան պատերազմ է. և հաղթանակն ինքն իրեն չի գա։ Դեռ շատ երկար ենք կռվելու։ Լաուռային լավ նայիր։ Քո Բաղիշ»։
Երևանի Սպանդարանի շրջանի զինկոմիսարիատում պահվող հաշվառման գրքում կարդացինք. «Բաղիշ Ադիբեկ Թերոյանը 1942թ. հուլիս ամսին անհայտ կորել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատներից մեկում»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌՈՒՍՏԱՍԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հայրը՝ Ռուստամը (Թումոյ Ուռուսը) անասնապահության և բանջարաբոստանային կուլտուրաների մշակության գործին քաջատեղյակ մարդ էր։ «Անկախ մայլա» թաղամասում էր ապրում։ Գյուղամեջ էր գալիս միայն գարնան առաջին օրերին։ Դյոպացիները նրան տեսնելիս կատակով ասում էին. «Եթե Թումոյ Ուռուսը գյուղամեջ է եկել, ուրեմն գարուն է, գյուղատնտեսական աշխատանքները սկսելու ժամանակն է»։ Հովհաննեսը տարրական կրթություն ուներ։ Հաջողությամբ անցկացրեց պարտադիր զինվորական ծառայությունը։ Վերադարձավ տուն։ Ծնողներն ուզում էին ամուսնացնել, երբ բռնկվեց պատերազմը։ Նորից մեկնեց։ 1942 թվականի դեկտեմբերին, հայկական 409-րդ դիվիզիայի կազմում, Թերեքի ձախ ափին, Մոզդոկ քաղաքի շրջանում մասնակցեց կռիվներին։ 1943 թվականի փետրվարին վիրավորվեց։ Տեղափոխեցին Բաքու՝ հիվանդանոց։ Բժիշկներն անկարող եղան փրկել նրա կյանքը։
Հովհաննեսը վախճանվեց 1943թ. մարտի 23-ին։ Բաքվի հայերը անծանոթ զինվորին թաղեցին տեղի հայկական գերեզմանոցում։
ԱՐՏԱՎԱՔԴ ՆԻԿՈԼԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արտավագդը շուտ զրկվեց հորից և ապրեց, իրոք որ, որբության դառն օրեր։ Մայրը՝ Ջավահիրը, ավելի դառն օրեր տեսավ։ Մեծացրեց որդիներին և մխիթարվում էր նրանցով։ Ավագը՝ Արտավազդը, արդեն աշխատում էր, մասնակցում էր բարեկամների վար ու ցանքին, հունձ ու կալին։ Նա ամուսնացավ, սատար կանգնեց մորը։ Սակայն այդ ուրախությունն էլ երկար չտևեց։ Սկսվեց պատերազմը։