Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/343

Այս էջը սրբագրված է

Արտավազդին զորակոչեցին բանակ։ Ծառայեց Հայկական 89-րդ դիվիզիայի 526-րդ գնդի զորամիավորումներից մեկում։ Մարտի մեջ մտավ Նովոռոսիյսկ քաղաքի ազատագրման օրերին։ Հարձակողական մարտերից մեկի ժամանակ էլ զոհվեց։ Թաղված է Նովոռոսիյսկ քաղաքի մոտակայքում, թիվ 555 բարձունքի հարավային ստորոտի գերեզմանոցում։ Արտավազդի կրտսեր եղբայրը՝ Ռուբենը, ռազմաճակատից վերադարձավ աջ ձեռքից ծանր վիրավորված։ Նրանց մայրը՝ Ջավահիրը, այս աշխարհից հեռացավ սիրասուն զավակների կսկիծը սրտում։

ԳԱՐԵԳԻՆ ԱԼՈՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ծնողազուրկ Գարեգինը բարու և արդարի կողմնակից, իր նմանների ցավով տառապող մեկն էր։ Մանկության տարիներին նա զգացել է արդար վաստակի համն ու հոտը։ Գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում, իսկ ազատ ժամերին զբաղվում ինքնակրթությամբ։ Գյուղի ղեկավարությունը, տեսնելով Գարեգինի ընդունակություններն ու ուսման ծարավը, ուղարկում են սովորելու։ Գործուղման թերթիկը ձեռքին Գարեգինը մեկնում է Կամո՝ հաշվապահական դասընթացներում սովորելու։ Ավարտելուց հետո վերադառնում է գյուղ և աշխատանքի անցնում գյուղի նորաբաց խանութում որպես վաճառող։ Այստեղ նա աշխատում է մինչև պատերազմը։ Առաջին իսկ օրերին մեկնում է գործող բանակ և ծառայության մտնում 89-րդ հրաձգային դիվիզիայի 400-րդ գնդում։ Շտաբի գրագիրն էր։ Ուրիշ տեղեկություն չի հասել մեզ։ 1943թ. նոյեմբերին, Կերչ քաղաքի համար մղված մարտերում անհայտ կորել է։

ԳԱՐՍԵՎԱՆ ՄԱԴԱԹԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մադաթի հինգ զավակներից ավագն էր Գարսևանը: Յոթնամյա կրթություն ուներ և աշխատում էր կոլտնտեսությունում։ Բարձրորակ ծխախոտագործ էր, անուն հանած մասնագետ։ Երկու տարի աշխատեց հայրենի և հարևան գյուղերի ծխախոտի պլանտացիաներում, բարձր բերք ստացավ։ Հասավ Մոսկվա, մասնակցեց գյուղատնտեսական ցուցահանդեսին։ Աշխատեց Սևանհէկ-ի շինարարությունում։ Թունելա¬խորշերից մեկում հորատող էր։ Այնտեղից մեկնեց զինվորական ծառայության։ Հաշվված օրեր էին մնացել մինչև զորացրվելը, երբ սկսվեց պատերազմը։ Գարսևանը մեկնեց գործող բանակ։ Նրա մասին ռազմաճակատից քիչ տեղեկություններ ստացվեցին։ Սևանի զինկոմից հետագայում հայտնել են․ «Անհայտ կորել է 1942-ի ապրիլին»։