Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/344

Այս էջը սրբագրված է

ԽԱՉԻԿ ԱՎԵՏԻՍԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ապուպապերը, ծնողները եղել են տոհմիկ հողագործ ու անասնապահ։ Խաչիկը, որ հազիվ գրագետ էր, սովորեց որմնադիրի արհեստն ու իր մասնակցությունը բերեց կոլտնտեսության անասնագոմերի շինարարությանը։ Հետագայում աշխատանքի բնույթը փոխեց։ Սևանհէկ-ի շինարարությունում բանվորական ճաշարանի խոհարարն էր, ապա՝ հացթուխ։ 1941թ. սեպտեմբերին զորակոչվեց բանակ։ Այնտեղ էլ դաշտային շարժական խոհանոցի խոհարար էր։ Այն զորամասը, ուր ծառայում էր Խաչիկը, շուտով փոխադրվում է Սևաստոպոլ և մասնակցում քաղաքի պաշտպանությանը։ Վիրավորվում և փոխադրվում է հոսպիտալ։ Այնտեղ էլ կտրվում է նրա երեսնամյա կյանքի թելը...

ՏԱՆԳԸ ՄՈՌԱՑԱՔ, ՏԱՆԳԸ ՏՎԵՔ...

Դպրոցի բակում հավաքվել էին գյուղի մեծ ու փոքրը։ Այստեղից էին զորակոչիկներին տանելու։ Մայրերն ու քույրերը լալիս էին, ջահելները ճառում էին, ավագները խորհուրդ էին տալիս։ Ուղղակի քաոս էր։ Եկավ մեկնելու ժամը։ Ձիասայլը պատրաստ էր։ Ուսուցիչներից մեկը ձայնեց.

— Սպասեք.. Զանգը մոռացաք..

— Զանգը տվեք — կանչեց մյուսը։

Ինչ-որ մեկն ասաց.

— Մի նոր Սարդարապատ է։

Կանչը արձագանք չգտավ։

Զանգը հնչեց։ Նորակոչիկ տղաները նստեցին ձիասայլակ։ Նրանց հետ էր տասնիննամյա Վարազդատ Ավետիսի Խաչատրյանը։

— Վարազդատս կամավոր գնաց, լսո՞ւմ եք, կամավոր, ջանին մեռնեմ,– կանչում էր մայրն ու ծնկներին խփելով ողբում։

1942թ. մորտին Վարազդատը մտավ դաժան մարտերի մեջ, ընկավ քաջի մահով։ Թաղված է Նովոռոսիյսկից ոչ հեռու, Ցեմեսի եղբայրական գերեզմանոցում։

ՎԱՐԴԳԵՍ ՄԵԼՔՈՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում» գրքի 118-րդ էջում կարդում ենք. «Այս գեղեցկադեմ և քաջարի հայ երիտասարդը բախտ չունեցավ վայելելու մեծ հաղթանակի պտուղները։ 1943թ. նա քաջի մահով ընկավ մարտի դաշտում, Հյուսիսային Կովկասի ազատագրման համար մղվող մարտերից մեկաում..»։